Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ դեսպանը կոչ է անում ընդլայնել Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի լիազորությունները


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին «Ազատության» տաղավարում, արխիվ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին «Ազատության» տաղավարում, արխիվ

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, այսօր հիշեցնելով խորհրդարանում և կառավարությունում առկա հարուստ ու հաջողակ գործարարների մասին, կոչ արեց ավելի լայն լիազորություններ տալ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:

Ըստ դեսպանի՝ հանձնաժողովը պետք է ոչ միայն զեկույցներով հանդես գա, այլև քննություն անցկացնի՝ չարաշահման դեպքերը բացահայտելու համար:

«Մի երկրում, որի խորհրդարանում կան մեծ թվով հաջողակ գործարարներ, որի կառավարությունում առկա են մեծ թվով գործարարներ ու հարուստ մարդիկ, շահերի բախման հարցը մեծ կարևորություն է պահանջում: Մերիտոկրատիան՝ արժանավորների իշխանությունը չի կարող կառուցվել առանց մտերիմներին իշխանության նշանակելու պրակտիկայի դեմ պայքարի։ Որևէ երկրում, որտեղ ընտանեկան կապերն ամուր են, սա լուրջ մարտահրավեր է»,- ասաց ԵՄ դեսպանը։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նախագահի նստավայրում գործում է արդեն չորս տարի, նպատակն է վերահսկել, որ պաշտոնյաները չօգտագործեն իրենց դիրքը որպես անձնական եկամտի աղբյուր։ Արդյոք հանձնաժողովը կարողանո՞ւմ է ապահովել, որ պաշտոնյաները չթաքցնեն իրենց ունեցվածքը, հարցրեցինք հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանին:

«Եթե պաշտոնյան սխալ տվյալներ է ներկայացնում, և անգամ դուք կամ հանձնաժողովը դա բացահայտում են, ցավոք, մենք չենք կարող իրավական ներգործության միջոցներ ձեռնարկել։ Սա կարող ենք թողնել քննարկումների և քննադատության դաշտում»,- ասաց հանձնաժողովի նախագահը։

Սահակյանի խոսքով՝ արդեն առկա է նախագիծ, որը վարչական պատիժ է նախատեսում ոչ բարեխիղճ կամ ունեցվածքը թաքցնող պաշտոնյաների համար:

Ըստ հանձնաժողովի ղեկավարի՝ խնդիր կա նաև օրենսդրության հետ. պարզ չէ՝ ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու պաշտոնյան, երբ պարզվի, որ նա հովանավորչություն է իրականացրել, ավելին՝ շահերի բախում է համարվում միայն այն դեպքը, երբ պաշտոնյան անձամբ է մասնակցում իրեն մոտ կանգնած անձին վերաբերող որոշմանը: «Կան երկրներ, որտեղ արգելվում է պաշտոնատար անձի ազգակիցներին ցանկացած բիզնես հարաբերության մեջ հայտնվել այն կառույցի հետ, որը նրանք ղեկավարում են։ Ցավոք սրտի, այս պահին մենք մեր օրենսդրությամբ չունենք նման կարգավորումներ»,- ասաց Սահակյանը։

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանից փորձեցինք պարզել՝ արդյոք նա կարծո՞ւմ է, որ կառավարության անդամները հայտարարագրում են իրենց իրական ունեցվածքը, օրինակ՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, որի անվան հետ բազմաթիվ բիզնեսներ են կապվում:

«Կարծում եմ, որ Գագիկ Խաչատրյանը այդ հարցին պատասխանել է, և հարկ չկա, որ ես անդրադառնամ ևս մեկ անգամ»,- միայն ասաց փոխվարչապետը։

Արևմտյան գործընկերների ու փորձագետների հետ քննարկմանը գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարում իրենց գրանցած հաջողությունները.- «Վերջին շրջանում քրեական գործեր են հարուցվել մեկ դատավորի, մեկ դատախազի, տասը քննիչի ոստիկանության տասը աշխատակցի նկատմամբ»։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը վստահ է, որ մեկ-երկու պաշտոնյային պատժելով խնդիրը չի լուծվում: Իսկ ունեցվածքի մասին պաշտոնյաների ներկայացրած հայտարարագրերն, ըստ Տիգրանյանի, իրականության հետ ոչ մի կապ չունեն:

«Թղթով, իհարկե, ամեն ինչ նորմալ է, և մարդիկ, ովքեր հավակնում են պետական պաշտոնի կամ երկար տարիներ զբաղեցնում են պետական պաշտոն, շատ լավ գիտեն օրենքի սողանցքները և օգտագործում են դրանք՝ իրենց գործունեությանը հնարավոր լուծումներ տալու համար։ Եթե ընդհանուր քաղաքական իշխանության մեջ չկա այդ կոռուպցիայի դեմ պայքարելու կամքը, որևէ մեկը չի կարող այդ գործում հաջողել»,- շեշտեց Տիգրանյանը։

XS
SM
MD
LG