Մատչելիության հղումներ

Անն Բրասյոր․ «Հարցին պետք է մոտենալ բազմակողմանիորեն»


Անն Բրասյոր, արխիվ
Անն Բրասյոր, արխիվ

«Ադրբեջանը և Հայաստանը մեր կազմակերպության անդամներ են, մենք պետք է լուծում գտնենք այդ հակամարտությանը», - այսօր հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասյորը:

Այդ պաշտոնում իր վերջին ճեպազրույցում անդրադառնալով Վեհաժողովի մեկնարկող ձմեռային նստաշրջանում «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» բանաձևի նախագծի առաջիկա քննարկման թեմային, Բրասյորը հայտնել է, որ ԵԽԽՎ-ի շատ պատգամավորներ ցանկություն են հայտնել վերադարձնել այդ նախագիծը քաղաքական հարցերով հանձնաժողով, և չի բացառել, որ այսօրվա լիագումար նիստում այդ հարցը կքննարկվի: Նա ձեռնպահ է մնացել տվյալ խնդրում իր դիրքորոշումը վաղաժամ ներկայացնելուց:

«Մարդիկ պետք է ապրեն խաղաղության և համերաշխության մեջ: Մենք պետք է անենք ամեն ինչ այդ հակամարտությունը կարգավորելու համար: Բայց ո՞րն է ընդունելի մոտեցումը: Դա ասել ես չեմ կարող: Եթե իմանայի, այդ հիմնախնդիրը կարող էր լուծվել: Ուղղակի այդ հարցի լուծմանը պետք է մոտենալ բազմակողմանիորեն», - հայտարարել է Անն Բրասյորը՝ շարունակելով․ - «Որովհետև այդ հակամարտության արդյունքում ամենաշատը տառապում են տարածաշրջանում ապրող մարդիկ: Նրանք Եվրոպայի խորհրդի անդամ երկրների քաղաքացիներ են, մենք պետք է նրանց պաշտպանենք: Բայց ինչ վերաբերում է հարցին, թե ինչ ճանապարհով կարելի է հասնել հակամարտության լուծմանը, ես համարում եմ, որ մենք պետք է շարունակենք գործել նույն ձևով»:

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հայտնում է նաև, որ այսօր ԵԽԽՎ-ի նոր նախագահ է ընտրվել իսպանացի խորհրդարանական Պեդրո Ագրամունտը, ով ղեկավարում է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG