Մատչելիության հղումներ

Զինված խմբի գործով մեղադրվող անձանցից հինգն այսօր ազատվեցին կալանքից


Իրավապահները Նորք-Մարաշում օպերատիվ գործողությունների ժամանակ: Երևան, 25-ը նոյեմբերի, 2015թ.

Իրավապահները Նորք-Մարաշում օպերատիվ գործողությունների ժամանակ: Երևան, 25-ը նոյեմբերի, 2015թ.

Չնայած խափանման միջոցի փոփոփությանը՝ առաջադրված մեղադրանքները մնում են նույնը։

Զինված խմբի գործով մեղադրվող անձանցից հինգն այսօր ազատվեցին կալանքից։

Դատարանը, նախաքննական մարմնի միջնորդությամբ, «Ռադիո Մարիամ» ռադիոկայանի լրագրող Լիլիթ Թորոսյանի, Հայկ և Հրանտ Վարդանյանների, 22-ամյա Նելլի Մինասյանի և 30-ամյա Սրբուհի Այվազյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց չհեռանալու մասին ստորագրությամբ:

Նրանց փաստաբաններն «Ազատության»-ը փոխանցեցին, որ առաջադրված մեղադրանքները մնում են նույնը՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելը և ապօրինի զենք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից:

Ենթադրյալ հանցախմբի անդամները, սակայն, շարունակում են չընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին դատարանը որոշեց երկու ամսով երկարաձգել անցած տարվա նոյեմբերից անազատության մեջ գտնվող 25-ամյա Ասյա Մկրտչյանի ու 34-ամյա Մարինե Կաթանյանի կալանքի ժամկետը։ Նախաքննական մարմինը նշել էր, որ նրանց նկատմամբ հիմնավոր կասկածի առկայությունը շարունակում է մնալ։ Երկու ամսով երկարացվել էր նաև Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից որպես զինված խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանի կալանքի ժամկետը։

Թե որքան մարդ է կալանավորված այս գործի շրջանակներում` ԱԱԾ-ն հրաժարվում է տեղեկացնել, սակայն, փաստաբանների տեղեկություններով, անազատության մեջ գտնվողների թիվն անցնում է երեք տասնյակից:

Հիշեցնենք, ըստ Ազգային անվտանգության ծառայության, «բացահայտված զինված խումբը ծրագրել էր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքական գործիչների սպանություններ իրականացնել»։ Թե խոսքն ում մասին է՝ ԱԱԾ-ն հրաժարվում է մանրամասնել։ Մինչդեռ մամուլի հրապարակումների համաձայն՝ խումբը ծրագրել էր հարձակումներ իրականացնել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, կառավարության և այլ պետական հաստատությունների վրա:

Ըստ մամուլի, ծրագրվել էր նաև պայթեցնել Ֆրանսիա մեկնել պատրաստվող նախագահի ինքնաթիռը։ Թե ինչու է ԱԱԾ-ն որոշել այս գործի շրջանակներում խմբի անդամների մի մասին ազատ արձակել՝ պաշտոնական որևէ պարզաբանում չկա։

Ազատ արձակված անձինք առայժմ հրաժարվում են հարցազրույցներ տալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG