Մատչելիության հղումներ

Պեսկովը Լիտվինենկոյի գործով բրիտանական զեկույցը ոչ պրոֆեսիոնալ է որակում


Դմիտրի Պեսկով, արխիվ

Դմիտրի Պեսկով, արխիվ

«Ես չեմ տեսնում, որ քննությունն իրականությունը պարզելու նպատակ ուներ», - հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ռուսաստանյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի գործով Մեծ Բրիտանիայում հրապարակված զեկույցը մակերեսային և ոչ պրոֆեսիոնալ է անվանել։ Այս մասին Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում երեկ երեկոյան։

«Այն, որ Ռուսաստանը, ԿԳԲ-ն ու Պուտինն են մեղավոր, ասվել էր, երբ դեռ Լիտվինենկոն նոր էր մահացել, դեռ նույնիսկ որևէ քննություն չէր անցկացվել, ինչից հետևում է, որ ամեն ինչ շատ մակերեսային և ոչ պրոֆեսիոնալ է արված։ Ես չեմ տեսնում, որ քննությունն իրականությունը պարզելու նպատակ ուներ», - ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Ռուսաստանի արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովն ասել էր, որ որևէ հայց Լիտվինենկոյի գործի կապակցությամբ Մեծ Բրիտանիայից ռուսական կողմը դեռ չի ստացել։

Անցած ուրբաթ Լոնդոնում հրապարակվեց Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի մահվան վերաբերյալ բրիտանական հետաքննության զեկույցը, որում ասված է, որ նրա մահվան հետևում կանգնած են Ռուսաստանի իշխանությունները, և որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ ամենայնի, հավանություն է տվել Լիտվինենկոյի սպանության իրականացմանը։

Զեկույցը դարձել է համաշխարհային մամուլի հիմնական թեմաներից մեկը։ Այն ակտիվորեն քննարկում է նաև ռուսական մամուլը։

Դատավոր Ռոբերտ Օուենի հրապարակած ուսումնասիրությունը եզրակացնում է, որ մեծ հավանականությամբ, Լիտվինենկոյի սպանությունը իրականացրել են Ռուսաստանի քաղաքացիներ Դմիտրի Կովտունը և Անդրեյ Լուգովոյը՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հրամանով, իսկ գործողությանը, ամենևին հավանականությամբ, անձամբ հավանություն է տվել Անվտանգության դաշնային ծառայության պետ Նիկոլայ Պատրուշևը։ Դատավորը նաև նշել է, որ Լիտվինենկոյի և Պուտինի միջև անձնական թշնամանք կար։

Լիտվինենկոն, հիշեցնենք, մահացել է 2006 թվականի նոյեմբերի 23-ին՝ Լոնդոնում: Մահամերձ Լիտվինենկոն Պուտինին մեղադրել էր իր սպանությունը պատվիրելու մեջ:

Ռոբերտ Օուենի հրապարակած զեկույցում նշված է, որ Լիտվինենկոյի մահվան պատճառը ռադիոակտիվ «պոլոնիում-210»-ի մեծ չափաբաժինն է, որը ամենայն հավանականությամբ խառնված է եղել նրա թեյին:

XS
SM
MD
LG