Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամը կարևորում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:

Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցների հիման վրա պատրաստված երկու բանաձևերի նախագծերը, որոնք պետք է քննարկվեն այսօր մեկնարկող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում, անթույլատրելի ձևակերպումներ են պարունակում։ Այդ մասին «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հայաստանի Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը։

«Ամենակարևորը` երբեք չի եղել նման բան միջազգային որևէ փաստաթղթում, որ ըստ այդ փաստաթղթի` «Հայաստանն է օկուպացրել Լեռնային Ղարաբաղը»։ Նաև առաջարկվում են լուծումներ կոնֆլիկտի, որոնք միակողմանի ադրբեջանական են, այսինքն՝ օրինակ, որ Հայաստանը պետք է միակողմանիորեն հանի իր բոլոր զորքերը, որ Լեռնային Ղարաբաղում անմիջապես պետք է վերականգնվի Ադրբեջանի ինքնիշխանությունը», - ընդգծեց Զուրաբյանը՝ նշելով, որ այդ վիճակը ստեղծվել է մի շարք պատճառներով։

«Մեկը՝ որովհետև ընդհանուր շատ վատ քաղաքականության պատճառով Հայաստանը թուլացել է, դրա մասին շատ ենք խոսել՝ կաշառակերություն, ժողովրդավարության պակաս, ընտրակեղծարարություն և այլն, երկրորդը՝ ադրբեջանական լոբբին իսկապես հզոր խավիարային դիվանագիտություն է կիրառում, և իսկապես պատգամավորներ կան, որոնց ուղղակի առնում են», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

Ըստ Զուրաբյանի՝ Հայաստանի պատվիրակների փաստարկները պետք է կառուցված լինեն նրա վրա, որ այս բանաձևերն ուղղակի հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած չորս բանաձևերին, ԵԱՀԿ-ի ընդունած որոշումներին, և որ նման բանաձևերով ԵԽԽՎ-ի պատվիրակները կարող են ստեղծել շատ վատ իրավիճակ բանակցությունների համար։

«Որովհետև եթե խաղաղության, այսպես ասած, բանակցությունները, որ հիմա ընթանում են Մինսկի խմբի հովանու տակ, հասել են ինչ-որ մի հանգրվանի, երբ առաջարկված է լուծում, որտեղ Հայաստանն էս պիտի անի, Ղարաբաղը սա պետք է անի, Ադրբեջանը սա պետք է անի, և դուք գալիս եք առաջարկում եք մեկ այլ լուծում, որտեղ միակողմանի առավելություններ կան Ադրբեջանի համար, դա ստեղծում է Ադրբեջանի համար լուրջ շարժառիթներ բարեխղճորեն չբանակցելու Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող բանակցություններում», - շեշտեց Զուրաբյանը։

Հիշեցնենք, ուրբաթ օրը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները կոչ արեցին ԵԽԽՎ-ին չանել քայլեր, որոնք կարող են բարդացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները։ Զուրաբյանը կարևորեց այդ փաստը՝ նշելով․ - «Որովհետև ես, օրինակ, ALDE-ին [Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների դաշինք] նամակ էի գրել, ամբողջ ALDE-ի 70 պատգամավորներին, որտեղ բացատրել էի, որ՝ «դուք խանգարում եք Մինսկի խմբի համանախագահությանը, դուք խանգարում եք բանակցություններին», բայց շատ կարևոր էր, որ Մինսկի խումբն ինքը դրա մասին ասեր»։

Խոսելով ներքաղաքական խնդիրներից ու անդրադառնալով հնարավոր նոր իշխանական կոալիցիային՝ Զուրաբյանն ասաց. - «Ժողովրդավարական երկրներում քաղաքական ուժերը մի ձև են փնտրում, որ էդ կոալիցիայից դուրս գան, որ մի քիչ ընդդիմադիր պահվածք ունենան, որ կարողանան նորից ռեյտինգը բարձրացնեն և շահեն ընտրություններում։ Ինչո՞ւ է Դաշնակցությունը գնում այս քայլին: Դաշնակցությունը սրանով ինքը ընդունում է, որ հասարակական ռեյտինգը ընտրական արդյունքների համար որևէ նշանակություն չունի»։

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունվարի 24-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG