Մատչելիության հղումներ

logo-print

Օզբիլիսին Ստամբուլում ջերմ ընդունելություն ցույց տվեցին


Արաս Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում, արխիվ

Արաս Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում, արխիվ

«Բեշիքթաշ»-ը մեծ հույսեր է կապում հայ ֆուտբոլիստի հետ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը շաբաթ երեկոյան պայմանագիր ստորագրեց թուրքական ամենահեղինակավոր ֆուտբոլային ակումբներից մեկի` «Բեշիքթաշ»-ի հետ: Առաջինն այս մասին տեղեկացրեց ինքը Օզբիլիսը` Instagram-ի իր էջում շաբաթ օրը գրելով․ - «Հենց նոր պայմանագիր ստորագրեցի «Բեշիքթաշ»-ի հետ: Սա նոր էջ է իմ կյանքում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ջերմ ընդունելության համար»: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն իր գրառմանը կցել է նաև պայմանագրի ստորագրման պահը պատկերող լուսանկարը:

Հարկ է նկատել, որ Օզբիլիսին Ստամբուլում ցուցաբերված ընդունելությունն իրոք բավականին ջերմ էր: Հայազգի մարզիկը Մոսկվայից Ստամբուլ ժամանեց հինգշաբթի օրը: Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում նրան դիմավորում էին «Բեշիքթաշ»-ի ներկայացուցիչները, տասնյակ լրագրողներ: Հայ ֆուտբոլիստին Թուրքիայում ուղղված առաջին բառերն էին՝ «Բարի գալուստ Ստամբուլ»:

Տասնյակ ուղևորներ և օդանավակայանի աշխատակիցներ պարզապես մոտենում էին Օզբիլիսին` նրա հետ լուսանկարվելու թույլտվություն խնդրելով: Ոմանք էլ դա անում էին այն բանից հետո միայն, երբ ճշտում էին՝ արդյոք նա Ստամբուլ է ժամանել հենց «Բեշիքթաշ»-ի հետ պայմանագիր կնքելու համար:

Ուրբաթ օրը Օզբիլիսը մի քանի ժամ տևած համապարփակ բժշկական հետազոտության ենթարկվեց: Ստամբուլի կենտրոնում գտնվող՝ սպորտային բժշկության ասպարեզում մասնագիտացած Acibadem կլինիկայում իրականացված հետազոտությունը պատկերող մի լուսանկար զետեղեց Sabah օրաթերթը:

Շաբաթն օրն արդեն կողմերը նվիրեցին վերջնական բանակցություններին, որոնք ավարտվեցին, երբ Ստամբուլում արդեն ուշ երեկո էր: Բանակցությունների ավարտից և պայմանագրի ստորագրումից քիչ անց Ֆեյսբուքում «Բեշիքթաշ»-ի պաշտոնական էջում հայտնվեց Օզբիլիսի լուսանկարը` ակումբի սև-սպիտակ մարզաշապիկով և «Ողջունում ենք Արազ Օզբիլիսին» գրառմամբ:

Թե ինչ մեծ կարևորություն է տալիս թուրքական ակումբը Հայաստանի հավաքականի խաղացողի ձեռքբերմանը՝ ցույց է տալիս նաև այն փաստը, որ կիրակի օրը՝ պայմանագրի ստորագրումից ընդամենը մի քանի ժամ անց Օզբիլիսի հետ հանդիպեց «Բեշիքթաշ»-ի նախագահ Ֆիքրեթ Օրմանը:

«Մենք մոտ երկու տարի շարունակ հետևում էինք Օզբիլիսի խաղին: Ցավոք սրտի, անցած խաղաշրջանում նա վնասվածք էր ստացել: Այժմ, սակայն, ամեն ինչ կարծես անցյալում է, և նա պատրաստ է մարզադաշտ դուրս գալ», - «Բեշիքթաշ»-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասել է ակումբի նախագահը:

Վերջում հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը ծնվել է 1990 թվականին Ստամբուլի Բաքիրքյոյ թաղամասում: Մանուկ հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Նիդերլանդներ, որտեղ էլ «Այաքս» ակումբի երիտասարդական ակադեմիայում սկսել է ֆուտբոլով զբաղվել: 2010-12 թվականներին խաղացել է «Այաքս»-ում, հետագայում տեղափոխվել է սկզբում Կրասնոդարի «Կուբան», 2013 թվականից էլ խաղում էր Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում` անցկացնելով 38 պաշտոնական հանդիպում և դառնալով չորս գոլի հեղինակ:

Հայաստանի հավաքականում Օզբիլիսը ընդգրկվեց 2012 թվականին` դրա կազմում մինչ օրս անցկացնելով 16 պաշտոնական հանդիպում և խփելով չորս գոլ:

XS
SM
MD
LG