Մատչելիության հղումներ

Հայկ Կյուրեղյանը, Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանը դադարեցրել են հացադուլը


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը

Հայկ Կյուրեղյանը դադարեցրել է ութ օր տևած հացադուլը՝ Քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի հետ հանդիպումից հետո, որի միջնորդությամբ կալանավայրի վարչակազմից հավաստիացում է ստացել մենախուց տեղափոխվելու վերաբերյալ:

Կյուրեղյանի այս որոշումից հետո՝ երեկ երեկոյան, հացադուլը դադարեցրել են նաև ի պաշտպանություն Կյուրեղյանի նման ծայրահեղ քայլի դիմած Շանթ Հարությունյանն ու նույն խցում գտնվող Վարդան Վարդանյանը, այսօր «Ազատությանը» հայտնեց Շանթի կինը՝ Ռուզաննա Բադալյանը:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Գևորգ Սաֆարյանին ու Հայկ Կյուրեղյանին ժամեր առաջ այցելել է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնելով, որ տղաները գտնվում են առանձին խցերում:

9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը պահանջել էր իրեն տեղափոխել մենախուց՝ օրեր առաջ հացադուլ և ջրադուլ հայտարարելով: Երկու օր առաջ հացադուլ էր հայտարարել նաև 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը:

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը դիմել էր իշխանություններին՝ առաջիկա երկուշաբթի մեկնարկող ԵԽԽՎ լիագումար նիստին ընդառաջ ազատ արձակել Շանթ Հարությունյանին ու իր ընկերներին, ինչպես նաև Գևորգ Սաֆարյանին՝ ընդգծելով, որ դա կարող է դրական ազդեցություն թողնել Վեհաժողովում, որի օրակարգում են ոչ հայանպաստ երկու բանաձևեր: Զուրաբյանն այսօր ասաց «Ազատությանը», որ իշխանություններից որևէ արձագանք չի ստացել:

«Երբ խնդիրը նրա մասին է, որ կարող է մի քանի ձայնով հարց լուծվի, թեկուզ եթե մի հոգու դրա շնորհիվ համոզես, դա արդեն կարևոր է»,- ասաց Զուրաբյանը։

Երեկ հարցին էր անդրադարձել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

«Տեղյակ ենք, որ երկու բանտարկյալներ հացադուլի մեջ են, և հորդորում ենք Հայաստանի իշխանություններին անել հնարավորը, որ ազատազրկման պայմանները համապատասխանեն եվրոպական չափանիշներին: Նրանք պետք է արդար դատաքննության ենթարկվեն, և դատավճիռը պետք է համաչափ լինի հանցանքին: Եթե ինչ-որ բան է կատարվում, որը համաչափ և համահունչ չէ իրականում տեղի ունեցածին, դա լավ ազդակներ չի հաղորդի Հայաստանի դատական համակարգի արդարացիության վերաբերյալ»,- ասել էր Սվիտալսկին։

Եվրոպացի դիվանագետի խոսքով, դեկտեմբերի 6-ի հանրաքվեում տեղ գտած ընտրախախատումներին իշխանությունների պատասխանից կախված կլինի՝ ինչպես կարձագանքի միջազգային հանրությունը հայաստանյան հաջորդ ընտրություններին:

«Մեր հույսը չենք կորցնում, որովհետև կարծում եմ՝ ընտրությունների արդարացիության նկատմամբ հայերի վստահությունը էական է Հայաստանի լավ ապագայի համար: Եվրամիությունն այժմ սպասում է [2015թ․ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի վերաբերյալ] ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցին, կտեսնենք՝ ինչ կա զեկույցում: Մինչ այդ կշարունակենք խրախուսել Հայաստանի իշխանություններին՝ պատշաճ կերպով հետաքննել ընտրախախտումների բոլոր դեպքերը: Սպասում ենք, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պատասխանատվության ենթարկելու այն մարդկանց, ովքեր զբաղվել են ընտրակեղծարարությամբ և մանիպուլյացիայով: Այն ձևը, որ Հայաստանի համապատասխան իշխանությունները կիրառում են քննելու հանրաքվեում տեղ գտած ընտրախախտումները և Ընտրական օրենսգրքի առաջիկա մշակումը, մեծ նշանակություն կունենան, թե հայաստանյան հաջորդ ընտրությունները ինչպես կընկալվեն միջազգային գործընկերների, Եվրամիության կողմից»,- ասել էր ԵՄ դեսպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG