Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ դեսպան. «Կարևոր է, որ հայերը հավատան հաջորդ ընտրությունների արդարացիությանը»


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի, արխիվ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի, արխիվ

Հունվարի 22-ին լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։ Նա անդրադարձել է օմբուդսմենի հրաժարականին, Ընտրական օրենսգրքի նախագծին և մի շարք այլ հարցերի։

Հարց․ - Օմբուդսմենն իր պաշտոնը թողեց Հանրապետական կուսակցության քննադատությունից հետո, ի՞նչ կասեք:

Սվիտալսկի.- Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, այստեղ Եվրամիության անդամ երկրների դեսպանատների հետ խորհրդակցելով ու նրանց աջակցությամբ, հանդես եկավ հայտարարությամբ: Մեր ափսոսանք ենք հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի կապակցությամբ: Հավատում ենք՝ օմբուդսմենը թողել է շատ լավ ժառանգություն: Հայաստանի բազմաթիվ շարքային քաղաքացիներ շահել են նրա գործունեությունից: Գտնում ենք՝ Կարեն Անդրեասյանն այդ պաշտոնում արդար ու անկախ էր և մեկն էր, ով ցանկանում էր ամրապնդել մարդու իրավունքները Հայաստանում:

Հարց.- Ընդդիմության ներկայացուցիչները՝ «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը պնդում են, որ չեն մասնակցելու Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին, և ասում են՝ իրենք ավելի նպատակահարմար կհամարեն իրենց մասնակցությունը, եթե միջազգային կառույցները միջնորդ հանդիսանան, քանի որ իրենք չունեն բավարար վստահություն իշխանությունների նկատմամբ։

Սվիտալսկի.- Համարում ենք, որ Հայաստանի համար շատ կարևոր է ունենալ լավ Ընտրական օրենսգիրք, որը կարտացոլի բոլոր դիտարկումները, առաջարկությունները՝ արված եվրոպական հաստատությունների կողմից, ու, մասնավորապես, արված ԵԱՀԿ կողմից: Կարևոր է, որ հայերն ամբողջովին հավատան ու վստահեն հաջորդ ընտրությունների արդարացիությանը: Մենք՝ Հայաստանի միջազգային գործընկերները, պատրաստ ենք Հայաստանի իշխանությունների հետ քննարկումներ ծավալել՝ Ընտրական օրենսգրքի մշակման ուղղությամբ: Մեր աջակցությունը կհայտնեք ԵԱՀԿ առաջարկություններին, և յուրաքանչյուր հնարավորություն, հանդիպում, որը ես կունենամ Հայաստանի իշխանությունների հետ, կօգտագործեմ՝ ընդգծելու, որ հարկավոր է ունենալ այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը կունենա եվրոպական հաստատությունների բոլոր առաջարկությունները:

Հարց․- Հանրաքվեն բավարար նյութեր տալի՞ս է ենթադրելու, որ արդեն 2017 թվականին խորհրդարանական ընտրությունները թափանցիկ կլինեն:

Սվիտալսկի.- Մեր հույսը չենք կորցնում, որովհետև կարծում եմ՝ ընտրությունների արդարացիության նկատմամբ հայերի վստահությունը էական է Հայաստանի լավ ապագայի համար: Եվրամիությունն այժմ սպասում է [2015թ․ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի վերաբերյալ] ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցին, կտեսնենք՝ ինչ կա զեկույցում: Մինչ այդ կշարունակենք խրախուսել Հայաստանի իշխանություններին՝ պատշաճ կերպով հետաքննել ընտրախախտումների բոլոր դեպքերը: Սպասում ենք, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պատասխանատվության ենթարկելու այն մարդկանց, ովքեր զբաղվել են ընտրակեղծարարությամբ և մանիպուլյացիայով: Այն ձևը, որ Հայաստանի համապատասխան իշխանությունները կիրառում են քննելու հանրաքվեում տեղ գտած ընտրախախտումները և Ընտրական օրենսգրքի առաջիկա մշակումը, մեծ նշանակություն կունենան, թե հայաստանյան հաջորդ ընտրությունները ինչպես կընկալվեն միջազգային գործընկերների, Եվրամիության կողմից:

Հարց․- Եվրախորհրդարանի հանձնաժողովներից մեկում հայտարարություն է ընդունվել, որտեղ ասվում է՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը միայն պետք է գտնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, և կոչ է արվել, որ եվրոպական այլ կառույցները գործեն համահունչ այդ ձևաչափին: Արդյո՞ք սա նշանակում է, որ Եվրախորհրդարանի հանձնաժողովը նկատի ուներ հենց ԵԽԽՎ-ի գործունեությունը, որի օրակարգում կա հակահայ երկու բանաձև:

Սվիտալսկի.- Չեմ կարող մեկնաբանել խորհրդարանականների բանաձևերը կամ դիրքորոշումները: Այն, ինչ կարող եմ կրկնել, հետևյալն է՝ Եվրամիությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին: Կարող եմ նշել, որ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հաջորդ շաբաթ այցելելու է Հայաստան՝ նախագահի, ղեկավարության հետ քննարկելու [ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում] Եվրամիության հնարավոր ներդրումը: Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղության հասնելու լավագույն ճանապարհը ԵԱՀԿ Մինսկի խմբին լիարժեք աջակցություն ցուցաբերելն է։

Հարց․- Երեկ «Նոր Հայաստան» շարժումը նամակ է հանձնել նաև Եվրամիության դեսպանատանը, որտեղ բարձրաձայնում են Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառվող բանտում ճնշումների մասին: Նրան քաղբանտարկյալ են համարում:

Սվիտալսկի.- Տեղյակ ենք, որ երկու բանտարկյալներ հացադուլի մեջ են, և հորդորում ենք Հայաստանի իշխանություններին անել հնարավորը, որ ազատազրկման պայմանները համապատասխանեն եվրոպական չափանիշներին: Նրանք պետք է արդար դատաքննության ենթարկվեն և դատավճիռը պետք է համաչափ լինի հանցանքին: Եթե ինչ-որ բան է կատարվում, որը համաչափ և համահունչ չէ իրականում տեղի ունեցածին, դա լավ ազդակներ չի հաղորդի Հայաստանի դատական համակարգի արդարացիության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG