Մատչելիության հղումներ

Պարզվել են Շիրակի մարզի մի քանի ընտրատեղամասերում կրկնաքվեարկություն կատարելու հանգամանքները


ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով պարզվել են թիվ 34/01, 35/37, 34/06, 35/35 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանքներ են առաջադրվել համապատասխանաբար 35/37, 35/35 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին՝ Նազելի Բաղդասարյանի և Հովհաննես Մաթևոսյանի փոխարեն քվեարկելու համար։ Նախնական քննության տվյալներով՝ նշված ընտրողների անվան դիմաց լրացվել են մտացածին տվյալներ, և նրանց փոխարեն քվեարկություն են կատարել հանձնաժողովների անդամները։

Թիվ 34/01 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Է. Եֆրեմովին։ Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս ընդգրկված է եղել թիվ 33/35 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում, սակայն 2015 թվականի դեկտեմբերի 6-ին գնացել է Գյումրի քաղաքի թիվ 34/01 ընտրատեղամաս և օգտվելով նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամի անփութությունից և բարձրաձայնելով դեռևս քվեարկությանը չմասնակցած այլ քաղաքացու անվան դիմաց առկա հերթական 1638 համարը, հանձնաժողովի անդամին է ներկայացրել իր նույնականացման քարտը: Նախնական քննության տվյալներով՝ Է. Եֆրեմովն ստորագրել է Մաթիլյան Ռոզիկի անձնական տվյալների դիմաց, ստացել է համապատասխան նմուշի քվեաթերթիկ ու քվեարկել:

Թիվ 34/06 ընտրատեղամասում Գագիկ Գևորգյանի փոխարեն քվեարկելու համար մեղադրանք է առաջադրվել Գյումրու բնակիչ Ա. Դարբինյանին։ Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս ընդգրկված է եղել թիվ 34/05 ընտրողների ցուցակում և 2015 թվականի դեկտեմբերի 6-ին մասնակցել հանրաքվեին։ Ապա ներկայացել է Գյումրի քաղաքի թիվ 34/06 ընտրատեղամաս և բարձրաձայնելով դեռևս քվեարկությանը չմասնակցած այլ քաղաքացու՝ Գագիկ Ժորժիկի Գևորգյանի անվան դիմաց առկա հերթական համարը՝ ներկայացրել իր նույնականացման քարտը, ստորագրել նրա անվան դիմաց և քվեարկել։

Եֆրեմովի և Դարբինյանի մասով քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է և քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Մյուս գործերով նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG