Մատչելիության հղումներ

ՍԱՊԾ. Հայաստանում այսօր չկա դաբաղով հիվանդ կենդանի


ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյան

ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյան

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը վստահեցնում է, որ Հայաստանում այսօր չկա դաբաղով հիվանդ կենդանի, հայաստանցի սպառողները անհանգստանալու կարիք չունեն՝ մսամթերքն ու կաթնամթերքն անվտանգ են օգտագործելու համար:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունը արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղի հետ կապված անկայուն իրավիճակով։

Այսօր կայացած ասուլիսում ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետը պարզաբանել է, որ դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանակից Արազափ գյուղում է գրանցվել կենդանիների դաբաղ հիվանդության դեպք, որի մասին էլ Հայաստանն առաջինն է, որպես Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ երկիր, պաշտոնապես տեղեկացրել կազմակերպությանն ու Եվրասիական տնտեսական միության գործընկերներին, այնուհետև իրականացրել անասնահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները:

Որպես առաջնային գործողություն՝ ռեֆերենս լաբորատորիայում դաբաղի տեսակը որոշելուց հետո (AG-VII շիճուկաբանական տիպի), Ծառայության պետ Արմեն Հայրապետյանն անմիջապես բանակցություններ է սկսել ՌԴ Դաշնային ծառայության ենթակայության տակ գտնվող Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնի հետ՝ Հայաստանի Հանրապետության պատվերով հնարավորինս արագ կենդանիների դաբաղ հիվանդության կանխարգելմանն ուղղված նոր պատվաստանյութ արտադրելու ուղղությամբ: Նոր պատվաստանյութը կպարունակի դաբաղի նոր վիրուսի դեմ պայքարող AG-VII շճատեսակ. նախկինում Հայաստանում և տարածաշրջանում չի գրանցվել այս տիպի դաբաղ: Նոր պատվաստանյութը հնարավորություն կստեղծի ավելի պատշաճ իրականացնել պայքարը դաբաղ հիվանդության դեմ:

Հովհաննես Մկրտչյանը հստակեցրել է, թե որ ապրանքատեսակների վրա է տարածվում ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության ժամանակավոր արգելքը. դաբաղ հիվանդությանն ընկալունակ կենդանի կենդանիներ՝ խոզեր, խոշոր և մանր կենդանիներ, դրանց գենետիկ նյութ և վերամշակում չանցած միս, ինչպես նաև ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքն ու նշված կենդանիների հումքը:

Տեսչության պետը տեղեկացրել է, որ բացի վերը նշված ապրանքատեսակներից՝ մնացած բոլոր պարենամթերքը՝ այդ թվում մսամթերքը, կաթնամթերքը և ձկնամթերքը, անարգել արտահանվում են ՌԴ տարածք, և որ հունվարի 20-21-ին հանրապետությունից 9 մեքենա պանիր է արտահանվել ՌԴ:

Մկրտչյանը շեշտել է, որ արգելքը ժամանակավոր և կանխարգելիչ միջոցառում է, և որ այս շաբաթ Հայաստան կժամանի ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Վլասովը՝ տեղում ծանոթանալու անասնահամաճարակային իրավիճակին ու կանխարգելիչ միջոցառումների ընթացքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG