Մատչելիության հղումներ

«Պատմական շենք էր, թե ինչ էր, ինձ քանդելու իրավունք են տվել». գործարար


Գործարար Ավո Կարագուլյանը ժխտեց լուրերը, թե իրեն հովանավորում է նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը։

«Ես չգիտեմ՝ պատմական շենք էր, թե ինչ էր, ինձ քանդելու իրավունք են տվել», Արամի 30 հասցեի 150-ամյա շենքի քանդման վերաբերյալ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց տարածքում կառուցապատում իրականացնող գործարար Ավո Կարագուլյանը:

«Խնդիրը ինձնով չի սկսած, ոչ ալ ինձնով կվերջանա, բայց ես սպասեցի 2-3 տարի, նույնն է հարցը, մեկը ինձի չասավ, որ ասիգա հուշարձան է կամ պիտի չքանդվի... ես չեմ եկած հոս տեղ դատավարություն ընելու, այլ ինձի տրված է՝ ասի պիտ ըլլա։ Այսինքն եթե չընեմ, ես հանցավոր եմ, ո՞րն է շիտակ»,- ասաց Կարագուլյանը՝ հակադարձելով լրագրողի դիտարկմանը, թե որպես հայրենասեր մարդ՝ կարող էր հրաժարվել քանդելուց.- «Այսինքն իմ փողերը բոլորը հայրենասիրության համար թափե՞մ և ձգեմ, երթա՞մ»։

Շուրջ 15 տարի Հայաստանում բնակվող սիրիահայ Կարագուլյանի խոսքով՝ դեռ 2004-ին հսկայական տարածքի սեփականատեր է դարձել՝ Արամի, Նալբանդյան, Աբովյան փողոցների միջակայքում, այն ժամանակ դեռ քաղաքապետ Երվանդ Զախարյանն էլ ներկայացրել է նախագիծը, ըստ որի՝ այդ տարածքին հարակից մայթը պետք է լայնացվի։

«Նախապես ունեին այդ նախագիծը, այսինքն երբ ինձի տվին, արդեն ըսած էին, որ այսպես պիտի ըլլա»,- ասաց գործարարը։

Եթե ամեն ինչ օրինական է, ապա ինչո՞ւ շենքը քանդվեց գիշերային ուշ ժամին, հարց ուղղեցինք կառուցապատող ընկերության ղեկավարին: «Ասկե առաջ ես ակտիվիստներու աս խնդրին վախացեր էի, ատոր համար չուզեցի, որ խնդիր ունենամ ոչ մեկուն հետ»,- պատասխանեց Կարագուլյանը։

Գործարար Կարագուլյանը, որի ընկերությունը նաև Հյուսիսային պողոտայում է կառուցապատում իրականացրել, ժխտեց լուրերը, թե իրեն հովանավորում է նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը՝ պնդելով, որ Սարգսյանի հետ բիզնես գործընկեր չէ, միայն մեկ անգամ է նախագահի եղբայրն իրեն օգնել իրավունքները պաշտպանել:

«Ինձի ղրկեց դատավարության, ըսավ՝ գնա այսինքն դատավարությունը, մեր օրենքները այսպես են, առանց դատավարության բան չի կրնա ըլլալ, ես ալ դիմեցի։ Այս տարածքի հետ կապ չունի պարոն Լևոն Սարգսյանը, միայն ես եմ»,- ասաց նա։

Երևանի քաղաքապետարանը օրեր առաջ պարզաբանել էր, որ Արամի 30 հասցեի պատմական շենքը քանդվել է մայթը լայնացնելու համար և տեղում այլ շինություն չի կառուցվելու:

Տարածքում իրականացվող կառուցապատման ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանն այսօր ասաց, որ կառուցվելու է մինչև 8 հարկանի շենք՝ ընդունելով, որ նախկինում ինքն ասել է, թե պատմական շենքը չի քանդվի:

«Ես պայքարել եմ իմ տեսանկյունով, գուցե սխալ եմ եղել, ինձ բացատրեցին, որ դա հնարավոր չէ պահպանել, ես կողմնորոշվեցի, որ ճանապարհի, շինարարության համար դա պետք է դուրս գա։ Պարոն Կարագուլյանը դրանք բոլորը ապամոնտաժել է՝ տարածքը քաղաքին վերադարձնելու նպատակով, մենք էնտեղ կառույց չենք ունենալու, դրանք քաղաքային միջավայրեր են՝ ճանապարհներ, կոմունիկացիաներ, մայթեր»,- ասաց ճարտարապետը։

Արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանի խոսքով, այն, որ Արամի 30-ի շենքը հուշարձանների ցանկում չէր, ոչինչ չի նշանակում, քանի որ հուշարձան համարվող Փակ շուկան, օրինակ, նույն ճակատագրին արժանացավ:

«Նույնիսկ եթե այդ շենքերը դատարկ են, իրենք հուշում են, թե ինչ տեսակի մարդիկ են այդտեղ ապրել, ինչ հարաբերություններ են եղել։ Դրանով է պայմանավորվում նրանց պատմամշակութային արժեվորումը։ Այդ ժամանակաշրջանից այսօր մնացել է այնքան քիչ նմուշ քաղաքում, որ նույնիսկ այն վերջինը գոնե, որ պետք է պահպանել այդ ժամանակաշրջանից, կարիք ունի հստակ վերաբերմունքի, նոր վերաբերմունքի»,- ասաց արվեստի քննադատը։

Գլխավոր խնդիրն ըստ Արևշատյանի՝ թափանցիկության բացակայությունն է.- «Նոր էլիտա դարձած հասարակական շերտերի կողմից կապիտալի ներդրում է տեղի ունենում կենտրոնական հատվածում՝ բացարձակապես հաշվի չառնելով այն հանգամանքը, որ քաղաքը ունի մեծ ռեսուրսներ տարածվելու դեպի արվարձանները։ Ոչ մի կերպ հանրային կարծիքը տեղ չի հասնում, նշանակում է՝ գործում է ուղիղ, մաքուր, ուժային մոտեցում խնդիրների լուծման հետ կապված։ Դա մենք տեսնում ենք ոչ միայն ճարտարապետական հուշարձանների պահպանման ոլորտում, այլ ամենուրեք»։

XS
SM
MD
LG