Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով հավաք՝ Ազատության հրապարակում


Գևորգ Սաֆարյան, արխիվ

Գևորգ Սաֆարյան, արխիվ

Ազատության հրապարակում մեկնարկել է «Նոր Հայաստան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով հավաք: Հավաքին կհետևի երթ:

Գևորգ Սաֆարյանը, ով երեկ կրկին հացադուլ հայտարարեց, տեղափոխվել է առանձին խուց: Նա ձերբակալվել էր Ամանորի գիշերը, Ազատության հրապարակում ոստիկանների հետ բախումից հետո, այնուհետև՝ կալանավորվել: Սաֆարյանը այս քայլին է դիմել՝ բարձրաձայնելով կալանավայրում քրեական տարրերի կողմից իր դեմ իրականացվող ճնշումների մասին: Նույն պատճառով կալանավայրում հացադուլն ու ջրադուլը շարունակում է քաղաքացիական ակտիվիստ Հայկ Կյուրեղյանը:

«Նոր Հայաստան» շարժման անդամ Վարուժան Ավետիսյանը հավաքի ժամանակ հայտարարեց, որ դիմում են իշխանություններին, որպեսզի ըմբռնում ցուցաբերեն և «Նոր Հայաստան»-ի քաղխորհրդի անդամներին հնարավորություն տան հանդիպել Հայկ Կյուրեղյանին:

«Չնայած ձևական, իրավական առումով այդպիսի մեխանիզմ չկա, բայց անգամ պատերազմի ժամանակ հնարավորություններ են ստեղծում մարդկանց կյանքի և առողջության համար ծագած խնդիրները լուծելու համր: Դիմում ենք գործող վարչախմբին՝ հնարավորություն տալ քաղխորհրդի անդամներին հանդիպելու Հայկ Կյուրեղյանին, որպեսզի նրանք համոզեն վերջինիս դադարեցնել հացադուլը և ջրադուլը», - հայտարարեց Ավետիսյանը:

Նա վստահություն հայտնեց, որ «Նոր Հայաստան» շարժման քաղխորհրդի անդամները կարող են համոզել Հայկ Կյուրեղյանին դադարեցնել ջրադուլը և հացադուլը՝ ընդգծելով, որ հրապարակում են դիմումը և սպասում պատասխանի:

«Նոր Հայաստան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն իր հերթին կոչ արեց հրապարակում հերթապահող երիտասարդությանը, որ եթե Հայկ Կյուրեղյանը և Գևորգ Սաֆարյանը շարունակեն բողոքի իրենց գործողությունները, և առիթ չստեղծվի հանդիպել և համոզել նրանց դադարեցնել դրանք, «վաղվանից դիմեն այնպիսի գործողությունների, որպեսզի ռեժիմը պարտադրվի տղաների պահանջը բավարարել»:

«Ես չեմ ուզում ինչ-որ հստակ ծրագիր առաջարկել երիտասարդությանը: Կարող է դա լինի հենց բանտի առաջ վրաններ խփելով, հացադուլին միանալով՝ մինչև նրանց պահանջը չբավարարվի, այդտեղից դուրս չգալով, միջազգային կազմակերպություններին բերելով այդտեղ և այլն», - ասաց Սեֆիլյանը՝ հավելելով, որ եթե երիտասարդությանը չհաջողվի դա անել, նման քայլերի ստիպված դիմելու է «Նոր Հայաստան»-ի շտաբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG