Մատչելիության հղումներ

logo-print

Ցույցեր Գրոզնիում՝ ի պաշտպանություն Կադիրովի


Ցույցեր Գրոզնիում՝ ի պաշտպանություն Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի, 22-ը հունվարի, 2016թ.

Ցույցեր Գրոզնիում՝ ի պաշտպանություն Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի, 22-ը հունվարի, 2016թ.

Մեկ միլիոն մարդ է դուրս եկել փողոց, ըստ տեղական լրատվամիջոցների, «ռուսաստանյան ընդդիմության հոխորտանքներից» Կադիրովին պաշտպանելու համար։

280 հազար բնակչություն ունեցող Գրոզնի քաղաքում այսօր, Չեչնիայի ղեկավարին աջակցելու նպատակով, փողոց դուրս եկավ, ոստիկանության հաշվարկով, մեկ միլիոն մարդ, որոնց նպատակը, ինչպես ներկայացնում են տեղական լրատվամիջոցները, «ռուսաստանյան ընդդիմության հոխորտանքներից Ռամզան Կադիրովին պաշտպանելն է»։

Այս հանրահավաքը, հիշեցնենք, Չեչնիայի ղեկավարի՝ ռուսաստանյան ընդդիմության ներկայացուցիչների դեմ հայտարարած պատերազմի շարունակությունն է։

Կադիրովը լրագրողների հետ զրույցում ռուսաստանցի ընդդիմադիրներին անվանել է «ազգի թշնամիներ» և կոչ արել պատժել Պուտինի ընդդիմախոսներին՝ համեմատելով նրանց դավաճանների հետ, ովքեր «ուզում են օգտվել Ռուսաստանի տնտեսության ծանր վիճակից»։

Չեչնիայի առաջնորդի այս հայտարարություններին այնուհետև միացել են նրա թիմակիցները՝ հնչեցնելով արդեն կոնկրետ անուններ և բաց տեքստով սպառնալիքներ։

Այս ամենը հարուցեց ռուսաստանյան լիբերալ հանրության զայրույթը, և մինչ ռուսաստանյան իրավապաշտպան, հասարակական, քաղաքական մի շարք կազմակերպություններ Կրեմլի ղեկավարին հորդորում էին կարգի հրավիրել Չեչնիայի առաջնորդին, իրեն աշխարհի կենտրոն հռչակած Գրոզնին պատրաստվում էր հուժկու հանրահավաքի։

Տարբեր իրավապաշտպաններ ու լրագրողներ մինչ հանրահավաքը հաղորդում էին, որ Չեչնիայի իշխանությունները կարգադրել են երկրի ողջ բնակչությանը տեղափոխել մայրաքաղաք։ Բացի այդ, յուրաքանչյուր երրորդ ցուցարարի հանձնարարվել է ներկայանալ Ահմադ Կադիրովի և Ռամզան Կադիրովի լուսանկարներով, ինչպես նաև ռուսաստանցի ընդդիմադիրներին պախարակող կարգախոսներով։

Դատելով «Գրոզնի TV»-ի ուղիղ եթերում հեռարձակվող ցույցի կադրերից՝ Կադիրովի վարչակազմի հանձնարարականները գերակատարվել են։

Վաղ առավոտից Չեչնիայի բնակիչները՝ մեծ թե փոքր, բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ թվով մեկ միլիոն մարդ, արհամարհելով սառնամանիքը, ներկայացել են «Գրոզնիի սիրտ» կոչվող հրապարակ։ Երկրի ակտիվը ելույթներում մեկ առ մեկ հիշել է ռուսաստանցի ընդդիմադիրներին՝ Ալեքսեյ Նավալնի, Միխայիլ Խոդորկովսկի, Իլյա Յաշին, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտով։ «Թշնամիներ», «պորտաբույծներ», դավաճաններ» և այլ վիրավորական արտահայտություններով ուղեկցվող այդ անձանց լուսանկարների թիվը գրեթե չէր զիջում հայր ու որդի Կադիրովների լուսանկարների թվին, որոնց վերագրվում էին «հայրենասերներ», «փրկիչներ», «Աստծո որդիներ» և այլ, զանգվածային ակցիայի մասնակիցների համոզմամբ՝ իրենց ղեկավարներին արժանի բնորոշումներ։

XS
SM
MD
LG