Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ-ն ափսոսանք է հայտնում Անդրեասյանի հրաժարականի կապակցությամբ


Կարեն Անդրեասյան

Կարեն Անդրեասյան

Եվրամիության պատվիրակությունը շեշտում է հաջորդ օմբուդսմենի պատշաճ ընտրության և նրա լիակատար անկախության ապահովման կարևորությունը:

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ ափսոսանք հայտնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից Կարեն Անդրեասյանի հրաժարականի կապակցությամբ:

«Ափսոսանքով տեղեկացանք, որ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել, և մենք ողջունում ենք նրան գերազանց աշխատանքի համար», - ասված է պատվիրակության հայտարարությունում:

Եվրամիության պատվիրակությունը շեշտում է մարդու իրավունքների հաջորդ պաշտպանի պատշաճ ընտրության և նրա լիակատար անկախության ապահովման կարևորությունը՝ շարունակելով․ - «Հետևաբար, Եվրամիությունը վստահ է, որ Հայաստանի հաջորդ օմբուդսմենը կնշանակվի Ազգային ժողովի կողմից փոխհամաձայնությամբ և ի վիճակի կլինի պահպանել այդ կարևոր հաստատության անկախությունը»:

Հայտարարությունում ընդգծված է նաև, որ «պետական մարմինների՝ օմբուդսմենի առաջարկներին առավել արդյունավետորեն հետևելը անշուշտ կնպաստի Հայաստանում մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանությանը»:

«Եվրամիությունը նվիրված է Հայաստանում բարեփոխումներին աջակցությանը, հատկապես՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների և օրենքի գերիշխանության բնագավառում», - շեշտում է պատվիրակությունը՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը մարդու իրավունքների միջազգային չափանիշների արդյունավետ իրականացման գործում:

«Օմբուդսմենի հաստատությանը Եվրամիության կողմից տրվող մեծ կարևորությունը հաստատվում է վերջերս Հայաստանի համար մարդու իրավունքների բյուջետային աջակցության 2016-18 թվականների 12 միլիոն եվրոյի ծրագրի ստորագրումը», - ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, օմբուդսմենի հրաժարականի կապակցությամբ օրերս ափսոսանք էր հայտնել նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG