Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն քննարկել է կուսակցությունների հետ համագործակցության հարցը


Գագիկ Մինասյան, արխիվ
Գագիկ Մինասյան, արխիվ

Իշխող կուսակցությունը, սակայն, դեռևս չի հստակեցնում, թե ինչ ֆորմատով կլինի այդ համագործակցությունը։

Հանրապետականների պնդումը, թե դեպի իշխանություն տանող ճանապարհն անցնում է միայն Մելիք-Ադամյան փողոցով, կարծես թե փոփոխության է ենթարկվում․ նրանք դեմ չեն լայնացնել աշխարհագրությունը։

Հանրապետականի ետնամուտքում է գտնվում Հանրապետության փողոցը՝ այստեղ են Դաշնակցության և «Բարգավաճ Հայաստան»-ի գրասենյակները։

Այս պահին կոալիցիայի առաջարկ միայն Դաշնակցությունն է ստացել։ Հանրապետականների նախկին կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նման առաջարկ կամ ակնարկ չկա:

«Ազատության» հարցին, թե արդյոք այս դիրքորոշումը նշանակում է, որ ԲՀԿ-ն սկզբունքորեն դեմ չէ կոալիցիային, կուսակցության խոսնակ Վահան Բաբայանը այսպես պատասխանեց․ - «Ես այս պահին չեմ կարող կուսակցության անունից որևէ հայտարարություն անել: Երբ որ կլինի քննարկում, երբ որ կլինի որոշում կուսակցության անունից, ես հայտարարություն կանեմ»:

Հանրապետականները հնարավոր կոալիցիայի հարցում փակագծերը դեռ չեն բացում։ Երեկ երեկոյան 3 ժամից ավելի շարունակված և կեսգիշերին մոտ ավարտված Գործադիր մարմնի նիստից հետո հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը միայն հայտարարեց, որ քննարկել են ոչ միայն Դաշնակցության, այլև մյուս գործընկեր ուժերի հետ համագործակցությունը․ - «Իհարկե, ընթանում էին քննարկումներ, բայց վերջնական լուծումներ այդտեղ դեռ չկան, և միայն առաջիկա քննարկումները թույլ կտան ավելի հստակ ասել, թե ինչպիսի ֆորմատով կլինի այդ համագործակցությունը կուսակցությունների հետ»։

Սերժ Սարգսյանի նախագահությամբ ընթացած նիստից հետո ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մինասյանը խուսափում էր ասել, թե քանի կուսակցության հետ են քննարկում համագործակցելու հարցը։ Խուսափում էր նաև գործածել «կոալիցիա» բառը․ - «Ես ասացի համագործակցության մասին, իսկ Հանրապետական կուսակցությունը միշտ կողմ է եղել համագործակցության՝ տարբեր ֆորմատներով: Ինչպիսի՞ն կլինի՝ կոալիցիա թե համագործակցության ուրիշ ձևաչափ, այսօր ես ձեզ որևէ բան չեմ կարող ասել: Դա, թերևս, մոտ ապագայում կհստակեցվի»:

Հանրապետականների նախկին կոալիցիոն գործընկերներ «Օրինաց երկիր»-ում ևս առաջարկ չեն ստացել։ Կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Մհեր Շահգելդյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եթե առաջարկ լինի էլ, իրենք այն չեն ընդունի և շարունակելու են մնալ ընդդիմադիր դաշտում․ - «Մեր կուսակցության հետ նման որևէ քննարկում չի եղել, և, բնականաբար, նման խնդիր բացարձակապես չկա դրված»:

XS
SM
MD
LG