Մատչելիության հղումներ

logo-print

Խադիջա Իսմայիլովան ընդունել է Ամալ Քլունիի՝ իրեն ՄԻԵԴ-ում ներկայացնելու առաջարկը


Խադիջա Իսմայիլովա, Ամալ Քլունի

Խադիջա Իսմայիլովա, Ամալ Քլունի

Ադրբեջանական բանտում գտնվող հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան ընդունել է հանրահայտ իրավապաշտպան Ամալ Քլունիի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում որպես իր պաշտպան հանդես գալու առաջարկը։ Իր հայտարարությունում Խադիջա Իսմայիլովան ողջունել է Քլունիի «համարձակությունը»։

Երեքշաբթի օրը փաստաբան Ամալ Քլունին ամերիկյան NBC հեռուստաընկերության եթերում պատրաստակամություն էր հայտնել Եվրոպական դատարանում պաշտպանել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող, 7.5 տարվա ազատազրկման դատապարտված Խադիջա Իսմայիլովայի իրավունքները: Ամալ Քլունին հատուկ ընդգծել է փաստը, որ Իսմայիլովայի ննջարանում թաքնված տեսախցիկ էին տեղադրել, հետո հրապարակել լուսանկարներ: «Նա համարձակ կին է և հիմա, ցավոք, ճաղերի հետևում է», - ասել էր Քլունին:

Քլունիի պատրաստակամությունը ողջունել է նաև «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը։ Մամուլի խոսնակ Ջոանա Լևիսոնը տարածած հայտարարությամբ ընդգծել է այն փաստը, որ Իսմայիլովային պաշտպանելու՝ Քլունիի պատրաստակամությունը ցույց է տալիս, թե ինչպիսի մեծ նշանակություն ունի Խադիջայի ազատությունը մարդու իրավունքների և մամուլի ազատության համար ամբողջ աշխարհում:

Ամալ Քլունիին «հայուհի» հռչակած Ադրբեջանում այս առնչությամբ բուռն քննարկումներ են ընթանում. ադրբեջանական հանրության մի հատվածը պնդում է, թե փաստաբանը, ով իբր «հայտնի է իր թուրքաֆոբ հայացքներով», Խադիջայի գործում ներգրավվում է հայկական լոբբիի ջանքերով։

Իսմայիլովայի պաշտպան Ֆարիզ Նամազլին հայտարարել է, որ իր պաշտպանյալը համաձայնել է ընդունել Քլունիի առաջարկը՝ նրա խիզախության համար, որը իրավաբանը դրսևորել էր՝ պաշտպանելով 2014 թվականին «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության լրագրող Մուհամմադ Ֆագմիին, երբ նա Եգիպոսում բանտարկված էր։

Ի պատասխան ադրբեջանական իշխանամետ մամուլի պնդումներին, թե լիբանանցի Ամալ Քլունին հայկական ծագում ունի, Իսմայիլովան, իր պաշտպանյալի փոխանցմամբ, հայտարարել է.- «Ինձ համար կարևոր չէ մարդու ազգային պատկանելությունը, քանի որ նորմալ մարդիկ երբեք չեն հարցնում ազգային պատկանելության մասին»։

Ի դեպ, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ևս ցանկություն է հայտնել Իսմայիլովայի գործով ստրասբուրգյան դատարանում հանդես գալ որպես երրորդ կողմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG