Մատչելիության հղումներ

Փաստաբանը կրկին ահազանգում է՝ Սաֆարյանը բռնության և խոշտանգման է ենթարկվել


Փաստաբան Տիգրան Հայրապետյան
Փաստաբան Տիգրան Հայրապետյան

Ոստիկանի դեմ բռնություն կատարելու մեղադրանքով կալանավորված Գևորգ Սաֆարյանն այսօր բռնության ու խոշտանգման է ենթարկվել, «Ազատությանն» ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ով այսօր տեսակցել էր ակտիվիստին։

«Խոսքը ոչ միայն հոգեբանական ճնշումների, սպառնալիքների, այլ ֆիզիկական բռնությունների, ընդհուպ խոշտանգման աստիճանի հասնող բռնության մասին է»,- ասաց փաստաբանը։

Հայրապետյանը չցանկացավ մանրամասնել, թե արդյոք ինքը բռնության հետքեր է տեսել Սաֆարյանի վրա, և կամ ում կողմից է հարձակումն իրականացվել, ասելով, որ այս պահին նպատակահարմար չեն գտնում այդ մասին խոսել:

Երեկվա ահազանգից հետո այսօր՝ ավելի վաղ, Սաֆարյանին էին այցելել նաև նրա հարազատները, նրանք մեզ հետ զրույցում ասել էին, որ ակտիվիստի վիճակը նորմալ է: Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել էին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից:

«Ինքը տեղափոխվել է այլ խուց, հացադուլի մեջ չէ, կյանքին և առողջությանը, ինչպես անընդհատ բարձրաձայնում են, վտանգ չի սպառնում, խցային պայմաններից և խցակիցներից էլ դժգոհ չէ», - փոխանցել էր վարչության աշխատակիցը։

Կալանավորումից հետո Սաֆարյանը պարբերաբար հայտարարում է իր նկատմամբ ճնշումների մասին, մի քանի անգամ արդեն հացադուլ է հայտարարել իրեն մենախուց տեղափոխելու պահանջով: Երեկ երեկոյան Սաֆարյանի հետ հանդիպումից հետո ակտիվիստի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ահազանգել էր, որ իր պաշտպանյալի կյանքը կալանավայրում գտնվում է լրջագույն վտանգի տակ, պնդելով՝ կյանքի ու մահվան հարց է:

Փաստաբան Հայրապետյանը երեկ «Ազատությանը» տեղեկացրեց նաև, որ ինքը միջնորդել է դատախազությանը փոխել ակտիվիստի խափանման միջոցն ու ազատել կալանքից, բավարարվել է արդյոք միջնորդությունը՝ դեռ պարզ չէ: «Ասացին՝ այո, որոշում կա, խնդրեցի, ասացի՝ կարո՞ղ եմ գալ վերցնել, ասացին՝ չէ, մենք Ձեզ կփոխանցենք, խնդրեցի, որ գոնե ասեն՝ բավարարվել է, թե՝ մերժվել է, ինձ չպատասխանեցին»։

Կալանավայրում հացադուլն ու ջրադուլը արդեն չորրորդ օրը շարունակում է մեկ այլ քաղաքացիական ակտիվիստ Հայկ Կյուրեղյանը: Նա ևս ծայրահեղ այս քայլին է դիմել՝ բարձրաձայնելով կալանավայրում քրեական տարրերի կողմից իր դեմ իրականացվող ճնշումների մասին:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Կյուրեղյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ, վիճակը բավարար է: Ակտիվիստի հոր խոսքով, մինչդեռ, Հայկը ծայրահեղ ծանր վիճակում է:

«Առողջական վիճակը, ասում են, բավարա՞ր է չորս օր հացադուլից, ջրադուլից հետո... զարմանալի է»,- ասաց հայրը։

Շանթ Հարությունյանի գործի քննության ժամանակ դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը վստահ է՝ որդուն պատժում են:

«Էն, ինչ որ հիմա նրա հանդեպ արել են, դա պատժելու միջոց է։ Ինքը սատար կանգնեց Գևորգ Սաֆարյանին, հացադուլ արեց, հիմա իր պատժամիջոցն է դա»,- ասաց հայրը։

Քրեակատարողական վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Կյուրեղյանին մենախուց տեղափոխել հնարավոր չէ, քանի որ կալանավայրը ծանրաբեռնված է, իսկ քրեական տարրերի կողմից ճնշումներին մասին ասացին, որ նման բան չկա:

XS
SM
MD
LG