Մատչելիության հղումներ

logo-print

Պուտինը, ըստ ամենայնի, հավանություն է տվել Լիտվինենկոյի սպանությանը. զեկույց


Վլադիմիր Պուտին, Ալեքսանդր Լիտվինենկո

Վլադիմիր Պուտին, Ալեքսանդր Լիտվինենկո

Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան վերաբերյալ բրիտանական հետաքննության վերջնական զեկույցը եզրակացրել է, որ նրա մահվան հետևում կանգնած է Ռուսաստանի իշխանությունը, և որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ ամենայնի, հավանություն է տվել Լիտվինենկոյի սպանության իրականացմանը:

Դատավոր Ռոբերտ Օուենի՝ այսօր հրապարակած ուսումնասիրությունը եզրակացնում է, որ մեծ հավանականությամբ Լիտվինենկոյի սպանությունը իրականացրել են Ռուսաստանի քաղաքացիներ Դմիտրի Կովտունը և Անդրեյ Լուգովոյը՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հրամանով։ Լիտվինենկոյի վերացման գործողությանը ամենայն հավանականությամբ անձամբ հավանություն է տվել Անվտանգության դաշնային ծառայություն պետ Նիկոլայ Պատրուշեևը:

Դատավորը նաև նշել է, որ Լիտվինենկոյի ու Պուտինի միջև անձնական թշնամանք կար, Պուտինի աշխատակազմի անդամները Լիտվինենկոյին սպանելու շարժառիթներ ունեին:

Լիտվինենկոն մահացել է 2006 թվականի նոյեմբերի 23-ին՝ Լոնդոնում: Մահամերձ Լիտվինենկոն Պուտինին մեղադրել էր իր սպանությունը պատվիրելու մեջ: Դատավոր Ռոբերտ Օուենի հրապարակած ուսումնասիրությունում նշված է, որ Լիտվինենկոյի մահվան պատճառը ռադիոակտիվ «պոլոնիում-210»-ի մեծ չափաբաժինն է, որը ամենայն հավանականությամբ խառնված է եղել նրա թեյին: Հաստատված է, որ մահվանից երեք շաբաթ առաջ՝ 2006 թվականի նոյեմբերի 1-ին Լիտվինենկոն Լոնդոնում «Միլլենիում» հյուրանոցում հանդիպել էր 2007-ից Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյի և գործարար Դմիտրի Կովտունի հետ, հանդիպմանը նրանք թեյ էին խմել ու, ըստ ամենայնի, Լիտվինենկոյի թեյը թունավորված է եղել ռադիոակտիվ պոլոնիումով, ինչն էլ հանգեցրել է նրա մահվանը:

Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական բաժանի ղեկավար Փիթեր Քլարկը ասել էր, որ պոլոնիումի հետքեր են հայտնաբերվել այն օդանավում, որով Լուգովոյն ու Կովտունը ժամանել էին Լոնդոն, ինչպես նաև Լոնդոնի այն վայրերում, որտեղ նրանք եղել էին:

Ռուսաստանը բազմիցս մերժել է Կովտունին և Լուգովոյին բրիտանացի իրավապահներին հանձնելու՝ Լոնդոնի առաջարկները: Մոսկվան հերքում է Լիտվինենկոյի մահվանը մասնակցություն ունենալու մեղադրանքները՝ հայտարարելով, որ դրանք պայմանավորված են քաղաքական շարժառիթներով:

Ռոբերտ Օուենի զեկույցի հրապարակումից րոպեներ անց Անդրեյ Լուգովոյը իր դեմ ներկայացված մեղադրանքները «աբսուրդ» է գնահատել: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Օունեի ուսումնասիրությունը համարել է «կողմնակալ և քաղաքական», որը ստվեր է գցում Մոսկվայի ու Լոնդոնի հարաբերությունների վրա:

Լիտվինենկոյի այրին՝ Մարինա Լիտվինենկան ասել է՝ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմ պետք է տնտեսական նոր պատժամիջոցներ կիրառվեն, իսկ անհատների նկատմամբ ճամփորդությունների արգելքներ դրվեն՝ ներառելով Պատրուշևին և Պուտինին։ «Գարդիան»-ը գրում է, որ բրիտանացի դիվանագետները վարչապետ Դեյվիդ Քեմերոնին հորդորել են նոր պատժամիջոցներ չմտցնել Ռուսատանի դեմ՝ խուսափելու համար առանց այդ էլ Ռուսաստանի հետ ձգված հարաբերությունների վատթարացումից:

Ալեքսանդր Լիտվինենկոն 2001-ին Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան էր ստացել: Ռուսաստանում իրավապահ մարմինները հետապնդում էին նրան: Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակիցը Եվրոպայում խիստ քննադատում էր Ռուսաստանի իշխանություններին և նախագահ Վլադիմիր Պուտինին: Հաղորդվում էր, որ Լիտվինենկոն սպանվել է, քանի որ ապացույցներ ուներ հանցավոր քրեական խմբերի հետ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կապերի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG