Մատչելիության հղումներ

Մուժնիեկսը ևս ցանկանում է ՄԻԵԴ-ում ներգրավվել Իսմայիլովայի գործում


ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկս, արխիվ

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկս, արխիվ

Լրագրողի բանտարկումը, ըստ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի, Ադրբեջանում մարդու իրավունքների լուրջ և համակարգված խախտումների արտացոլումն է:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը ցանկություն է հայտնում ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործով ստրասբուրգյան դատարանում հանդես գալ որպես երրորդ կողմ:

Նիլս Մուժնիեկսի համոզմամբ՝ 7․5 տարվա ազատազրկման դատապարտված հետաքննող լրագրողի գործը Ադրբեջանում մարդու իրավունքների լուրջ և համակարգված խախտումների արտացոլումն է, և Ադրբեջանը չի կատարում քաղաքացիների ազատությունների պաշտպանության ոլորտում իր պարտավորությունները։

Մարդու իրավունքների հանձնակատարը շարունակում է պնդել, որ Իսմայիլովան կեղծ մեղադրանքներով է հայտնվել ճաղերի ետևում, և որ նա մեկն է այն տասնյակ ակտիվիստներից, ովքեր բանտերում են հայտնվել Իլհամ Ալիևի վարչակազմը քննադատելու և նրա հետ չհամաձայնելու հետևանքով:

Մուժնիեկսն իր հայտարարությունում արձանագրում է, որ թեև Ադրբեջան այցերի ընթացքում պարբերաբար կոչ է արել երկրի իշխանություններին վերջ տալ անհիմն բռնաճնշումներին և քրեական հետապնդումներին, սակայն բռնաճնշումները գնալով ուժեղացել են:

Հիշեցնենք՝ նախօրեին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընթացք տվեց «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովայի բողոքների հարցով գործին:

Ալիևի ընտանիքին պատկանող բիզնեսները բացահայտած լրագրողը, մասնավորապես, բողոք է ներկայացրել իր անձնական կյանքի, ազատ արտահայտվելու և պաշտպանվելու իրավունքները խախտելու վերաբերյալ:

Ստրասբուրգյան դատարանն ավելի վաղ ընդունել էր նաև լրագրողի կալանքի մասին բողոքի վերանայման մասին դիմումը:

Հիշեցնենք նաև, որ ՄԻԵԴ-ում Իսմայիլովայի շահերը պաշտպանելու պատրաստակամություն է հայտնել հանրահայտ փաստաբան Ամալ Քլունին: Վերջինիս «հայուհի» հռչակած Ադրբեջանում այս առնչությամբ բուռն քննարկումներ են ընթանում. ադրբեջանական հանրության մի հատվածը պնդում է, թե հայտնի փաստաբանը Խադիջայի գործում ներգրավվում է հայկական լոբբիի ջանքերով:

Այս քննարկումների ֆոնին, ճաղերի ետևում գտնվող լրագրողը առայժմ չի հստակեցրել՝ ընդունում է արդյոք Քլունիի առաջարկությունը:

Մինչ այդ, նախօրեին հայտարարությամբ է հանդես եկել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի մամուլի խոսնակ Ջոանա Լևիսոնը, ընդգծելով՝ այն փաստը, որ Իսմայիլովային պաշտպանելու պատրաստակամություն է հայտնում Ամալ Քլունին, ցույց է տալիս, թե ինչպիսի մեծ նշանակություն ունի Խադիջայի ազատությունը մարդու իրավունքների համար՝ ամբողջ աշխարհում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG