Մատչելիության հղումներ

Վարդգես Գասպարիին պառկած բերեցին դատարան


Վարդգես Գասպարին դատարանի դահլիճում՝ հատակին պառկած, 21-ը հունվարի, 2016թ.

Վարդգես Գասպարին դատարանի դահլիճում՝ հատակին պառկած, 21-ը հունվարի, 2016թ.

Ակտիվիստը ոստիկաններին դիմավորել էր իր տան մուտքի մոտ պառկած:

Ոստիկանները քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին պառկած բերեցին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան։

Այսօր դատարանը քննում է Գասպարիի կողմից ոստիկանին վիրավորելու, նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու գործը։

Ոստիկանները ակտիվիստին բերեցին հենց իր տնից. Գասպարին ոստիկաններին դիմավորեց տան մուտքի մոտ պառկած՝ պատճառաբանելով, որ «չի ենթարկվում ոստիկանների օրինական պահանջներին, քանի որ ոստիկանությունն անօրինական գործունեություն է ծավալում՝ չի բացահայտում հանցագործությունները, այլ իշխանության հրահանգներն է կատարում»։

Դատավորը նկատողություն չարեց, բայց նշեց, որ եթե Գասպարին չենթարկվի դատարանի պահանջներին, մասնավորապես՝ ոտքի չկանգնի, նրա նկատմամբ կարող է ավելի խիստ պատժամիջոց կիրառվել։

Նշենք, որ Գասպարին չի ընդունում մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ թե վիրավորել է ոստիկաններին, այլ ընդամենը իրականությունն է ասել՝ կրկնելով, որ «ոստիկանությունը որևէ գործ չի բացահայտում և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իշխանության հրահանգով սադրանքներ է կատարում»։

Դատավորը 20 րոպե ընդմիջում հայտարարեց՝ պարզելու համար, թե ինչու նիստին չի ներկայացել նաև Գասպարիի հանրային պաշտպանը։

Նշենք, որ տվյալ հոդվածով սահմանված է մինչև եռամսյա կալանք։ Այսօրվա նիստին դատախազը նման ակնարկ արեց, և չի բացառվում, որ այն կիրառվի հենց այսօրվանից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG