Մատչելիության հղումներ

Միջազգային ֆինանսական կորպորացիան 50 մլն դոլար տրամադրեց հայաստանյան բանկին


Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 50 միլիոն դոլարի ստորադաս փոխառություն է տրամադրել Հայաստանում խոշորագույն բանկը հանդիսացող «Ամերիաբանկ»-ին՝ վերջինի կապիտալը ավելացնելու, երկրի տնտեսվարող սուբյեկտների վարկավորման հնարավորությունները և ֆինանսավորման հասանելիությունը ընդլայնելու, տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով: Այդ մասին ասված է կորպորացիայի հաղորդագրությունում:

Երկարաժամկետ կապիտալ տրամադրելով՝ IFC-ն նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանի բանկային ոլորտի կայունությունը և օժանդակել «Ամերիաբանկ»-ի ռազմավարական նպատակների իրագործմանը, նշված է հաղորդագրությունում:

«Այս գործարքը որակի բացարձակապես նոր մակարդակ է խորհրդանշում մեր բանկի համար այս շուկայում գործելիս։ Մենք համոզված ենք, որ այս համագործակցությունը բազում նոր հնարավորություններ կստեղծի մեր կազմակերպությունների և Հայաստանի բանկային հատվածի համար», - հայտարարել է «Ամերիաբանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը:

IFC Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Տոմաշ Տելման, իր հերթին, ասել է. - «Կապիտալ տրամադրելով Հայաստանում մեր հիմնական գործընկեր բանկերից մեկին՝ մենք սատար ենք կանգնում նրա զարգացման ռազմավարության և հեռանկարային ծրագրերի իրականացմանը: Այս գործակցությունը Հայաստանի բանկային հատվածի կայունության բարձրացմանն ուղղված մեր նախաձեռնություններից է, որը ընդհանուր տնտեսական զարգացման համար վճռորոշ նշանակություն ունի»:

IFC-ն գլոբալ զարգացման ամենամեծ հաստատությունն է, որը զբաղվում է բացառապես մասնավոր հատվածով։ Հայաստանն անդամակցել է IFC-ին 1995 թվականին։ Այդ ընթացքում IFC-ի երկարաժամկետ ներդրումային պարտավորությունները կազմել են 233 միլիոն դոլար, ներառյալ 22.8 միլիոն դոլար՝ մոբիլիզացված այլ վարկատուներից: Այդ գումարի շրջանակում IFC-ն ֆինանսավորել է 42 ծրագիր մի շարք ոլորտներում՝ ներառյալ ֆինանսական շուկաները, արտադրությունը, գյուղատնտեսությունը, ծառայությունները և հանքարդյունաբերությունը։ Առևտրի ֆինանսավորման իր ծրագրի միջոցով IFC-ն աջակցել է նաև 122 միլիոն դոլարից ավելի արժեքով առևտրային գործարքների։ IFC-ն իրականացրել է նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված խորհրդատվական ծրագրեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG