Մատչելիության հղումներ

Արգիճի գետի վրա կառուցված ՀԷԿ-ը խնդիրներ է առաջացրել հինգ գյուղերի բնակիչների համար


Տեսարան Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից

Տեսարան Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից

Գյուղացիների պնդմամբ, ՀԷԿ-ի կառուցումից հինգ տարի է անցել, իսկ իրենցից վերցված հողերի դիմաց դեռ փոխհատուցում չի տրվել։

«ՀԷԿ-ի կառուցումից հետո ջրվեժը վերացել է, ջուրը ցամաքել է, էլ ջրվեժը չկա», - վերինգետաշենցի Վարդան Գալստյանը ցավով է նշում, թե ինչ վնաս հասցրեց Սևանը սնուցող ամենամեծ գետի՝ Արգիճիի վրա մեծ աղմուկով կառուցված ՀԷԿ-ը:

Ըստ համագյուղացիների, այն այսօր էլ շարունակում է խնդիրներ առաջացնել գետից օգտվող հինգ գյուղերի բնակիչների համար: Նրանք պնդում են՝ թեև ՀԷԿ-ի կառուցումից տարիներ են անցել, սակայն իրենցից վերցված հողերի դիմաց մինչ օրս փոխհատուցում չեն ստացել, ոռոգումն էլ խնդիր է դարձել:

«Էս վերջերս մեզ մոտ նորից Վերին Գետաշենից բնակիչներ էին եկել և խոսում էին այն մասին, որ իրենց հողամասերի, հողակտորների համար փոխհատուցում չի եղել, և պայմանավորվածություն է եղել, որ էս հատվածը պետք է փոխարինվի մյուս հատվածով, դա էլ մինչև հիմա չի արվել։ Մարդիկ փաստացի մնացել են առանց հողի, առանց պարենի», - «Ազատության» հետ զրույցում ասաց «S.O.S. Արգիճի» նախաձեռնության անդամ Եղիազար Դավթյանը:

Սեփական հողից զրկված և դեռ փոխհատուցում չստացած մի կին ևս «Ազատությանը» պատմել էր իր խնդրի մասին, սակայն, երբ արդեն Վերին Գետաշենում էինք, հրաժարվեց խոսել՝ վախենալով հաշվեհարդարից:

Ավելի վաղ հեռախոսազրույցի ժամանակ նա պատմել էր, որ ՀԷԿ-ի խողովակներն անցնում են անմիջապես իր հողամասի միջով, որտեղ կարտոֆիլ էր մշակում, վաճառում, և դա էր եկամուտի միակ աղբյուրը:

«Իմ ընդհանուր հողը՝ մշակված, 70 տարվա պապենական հողը, հավաքել լցրել են իրենց խողովակաշարի վրա, իրանց հարմարացրել են ու ոչ մի անգամ չեն առաջարկել որևէ գումար»,- հեռախոսով փոխանցել էր կինը։

ՀԷԿ-ի կառուցման դեմ գյուղացիները տարիներ առաջ պայքար էին սկսել, անգամ մայրուղին էին փակել, սակայն ի վերջո համաձայնեցին առաջարկվող պայմաններին։

Վերինգետաշենցի Վարդան Գալստյանը ցավով է փաստում՝ հավատացին խոստումներին, որոնք, սակայն, այսօր հօդս են ցնդել:

«Նախ ժողովրդին խաբել էին, որ աշխատատեղեր կբացվի, բոլորը կարծում էին, թե իրենք հսկայական գործարան են, բոլորը կմտնեն, կաշխատեն, հսկայական փող կստանան, բայց ինչքա՞ն պետք է աշխատատեղ լինի, երեք-չորս հոգի պետք է աշխատի, այն էլ մեր գյուղից երևի ոչ ոք էլ չկա։ Ես չեմ տեսել, որ ՀԷԿ-ի կողմից գոնե որոշակի գումար տրամադրվի՝ գյուղի որոշակի աշխատանքներ, պրոբլեմներ լուծելու համար։ Դա միայն սեփականատիրոջն է, ինքն էլ լավ էլ փող է աշխատում, իսկ մինչ այդ խոսում էին, որ ստացված էլեկտրաէներգիայով կկառուցեն նաև էլեկտրագծեր, որոնք մեր սարերում եղած բնակիչները, ամռանը, երբ յայլաներ են բարձրանում, հոսանք կտրամադրեն, բայց ոչ մի բան էլ չկա, խաբել են», - ասաց Գալստյանը։

Միակ հաղթանակը, ըստ ՀԷԿ-ի դեմ պայքարողների, այն էր, որ չփոխվեց գետի հունը: Սակայն մյուս խնդիրները մնացին չլուծված:

ՀԷԿ-ի շահագործման ընթացքում արդեն մի քանի անգամ խողովակ է պայթել՝ վնասելով մերձակա հողատարածքներն ու տները: Բնապահպան Լևոն Գալստյանի պնդմամբ, սա վկայում է, որ ՀԷԿ-ը կառուցվել է ոչ ճիշտ հաշվարկներով:

«Բացի դրանից այնտեղ ջուրը նաև ոռոգման համար է, ընդհանրապես հասկանալի չէ, թե ո՞վ ինչքան է վերցնում, որտեղի՞ց է վերցնում, ինչպե՞ս է դա կարգավորվում, ո՞վ է վերահսկում՝ ո՞վ ինչքա՞ն վերցրեց, ինչքա՞ն ջուր մնաց և այլն։ Մենք որ այնտեղ ենք եղել, գետում այնքան քիչ ջուր կար... դա ամենախոշոր գետն է Սևան մտնող, որտեղով պետք է բարձրանա իշխանը, որ գնա ձվադրման, ո՞նց կարա բարձրանա իշխանը վերև, երբ որ, կներեք, էդ գետում ջուր չկա», - ասաց Գալստյանը։

ՀԷԿ-ը կառուցել է «Հիդրո Կորպորացիա» ընկերությունը։ Ըստ Պետռեգիստրի կայքի, ընկերության հիմնադիրներից մեկը Իրանի քաղաքացի Ժորժիկ Աբրահամյանն է, մյուսը՝ տարիներ առաջ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը:

«Գյուղում վախի մթնոլորտ է», - ասում է ակտիվիստ Եղիազար Դավթյանը՝ ավելացնելով՝ ՀԷԿ-ի ղեկավարներն ազդեցիկ մարդիկ են, գյուղացիներից շատերն են վախենում նրանց հետ խնդիրներ ունենալ:

«Հաստատ կան մեխանիզմներ, որոնցով բնակիչների վրա ազդում են։ Մեծական խոսք կա՝ «գյուղ կանգնի, գերան կկոտրի»։ Գյուղերը հերթով ջարդելով խնդիր չի լուծվում՝ մեկին հող են խոստանում, մեկին գործ են խոստանում, մյուսին էլ պարզապես վախեցնում են», - ասաց Դավթյանը։

ՀԷԿ-երի շահագործման, դրանց պատճառած վնասների մասին անցած տարի խոսեց անգամ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Նախարարության մամլո քարտուղարն «Ազատությանը» փոխանցեց, որ այս ՀԷԿ-ում ևս մշտադիտարկում է արվել, արդյունքներն այս պահին ամփոփվում են: Եղել են խախտումներ, թե ոչ՝ նախարարությունը խոստանում է հրապարակել առաջիկայում։

XS
SM
MD
LG