Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Պոդգորիցայում հանդիպումներ է ունեցել Չեռնոգորիայի ղեկավարության հետ


Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչ, արխիվ
Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչ, արխիվ

Երեկ պաշտոնական այցով Պոդգորիցա ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչի, փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչի և Ազգային ժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչի հետ:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման ժամանակ Չեռնոգորիայի նախագահը կարևորել է Հայաստանից առաջին բարձրաստիճան այցելությունը Պոդգորիցա: «Միջազգային համաժողովների շրջանակներում ես շատ հանդիպումներ եմ ունեցել բարեկամ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ և հույս ունեմ, որ այս այցի արդյունքում երկկողմ փոխայցելությունները և համագործակցությունն առավել կակտիվանան», - ասել է Վույանովիչը:

Էդվարդ Նալբանդյանը Չեռնոգորիայի նախագահին է փոխանցել Հայաստանի նախագահի բարեմաղթանքներն ու Երևան այցելելու հրավերը։

Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ Հայաստանի և Չեռնոգորիայի ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունը լավ հիմք է հարաբերությունների զարգացման և առկա ներուժի ամբողջական օգտագործման համար։

Քննարկվել են բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար համաժողովների անցկացման, ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղիները: Այս առումով զրուցակիցները կարևորեցին Երևանի և Պոդգորիցայի միջև դեռևս 1978 թվականին կնքված համագործակցության համաձայնագրի թարմացումը և երկու երկրների վարչատարածքային միավորների միջև կապերի հաստատումը։

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների դեմ առ դեմ ձևաչափով հանդիպմանը հաջորդել են պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները:

Իգոր Լուկշիչը խորհրդանշական է համարել, որ բարեկամ Հայաստանի արտգործնախարարը 2016 թվականին Պոդգորիցա այցելող առաջին ԱԳ նախարարն է, և վստահություն է հայտնել, որ ացելությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, կարևորել բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական կապերի խթանումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը, մարդկանց միջև շփումների ակտիվացումը, համագործակցության զարգացումը կրթական, գիտական, մշակութային, տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Քննարկվել են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում գործակցության զարգացման, միջխորհրդարանական համագործակցության խթանման հետ կապված հարցեր:

Լուկշիչը ներկայացրել է իր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, գործընթացները Բալկանյան թերակղզում և դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումները, Նալբանդյանը՝ ղարաբաղյան խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Նախարարները անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներին, մասնավորապես՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, Մերձավոր Արևելքում զարգացումներին, ահաբեկչության դեմ պայքարին:

Նախարարների հանդիպմանը հաջորդել է համատեղ մամլո ասուլիս:

Չեռնոգորիայի փոխվարչապետը պաշտոնական ճաշ է տվել Հայաստանի արտգործնախարարի պատվին։

Չեռնոգորիայի Ազգային ժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ ողջ աշխարհում տեղի ունեցած միջոցառումները և դրանց խորհուրդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG