Մատչելիության հղումներ

logo-print

Հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում Արաքսյա Դանիելյանի մահվան դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչ Արցախ Քոչարյանը հունվարի 17-ին գրավոր հաղորդում է ներկայացրել ոստիկանության Արմավիրի բաժնում առ այն, որ իր հղի կինը՝ Արաքսյա Դանիելյանը, «հարբուխ» ախտորոշմամբ 2015 թվականի դեկտեմբերի 26-ին ստացիոնար բուժման է ընդունվել «Արմավիրի ԲԿ»-ի ծննդաբերական բաժանմունք, որտեղ նրան թոքերի հետ կապված 2 օր անընդմեջ բուժզննության է ենթարկել բժիշկ Անդրանիկ Պապոյանը, ով տեղեկացրել է, որ հիվանդի թոքերի հետ կապված որևէ խնդիր չկա:

Ըստ հաղորդման, Պապոյանի կողմից մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում միայն 3-րդ օրն է կինը ենթարկվել ռենտգեն հետազոտության, ինչի արդյունքում ախտորոշվել է «երկկողմանի սուր թոքաբորբ», որից հետո կինը տեղափոխվել է Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ստացիոնար բուժման, որտեղ էլ հունվարի 13-ին մահացել է:

Կոմիտեն տեղեկացնում է, որ Արցախ Քոչորյանի հաղորդումը ոստիկանությունից Արմավիրի մարզային քննչական վարչությունում ստացվել է 2016 թվականի հունվարի 20-ին, և նույն օրը քննիչը որոշում է կայացրել հարուցել քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը»։

«Կատարվում է նախաքննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու համար նշանակվել են փորձաքննություններ։ Նախաքննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG