Մատչելիության հղումներ

logo-print

Երեկ ռուսական շուկայում դոլարն ու եվրոն թանկացել են ավելի քան երկու ռուբլով։

Երեկ ուշ երեկոյան ռուսական տարադրամը նոր ռեկորդային անկում գրանցեց. դոլարի փոխարժեքը գերազանցեց 82 ռուբլին, իսկ եվրոյի փոխարժեքը՝ 90 ռուբլին։

Օրվա ընթացքում ռուսական շուկայում երկու արտարժույթներն էլ թանկացան ավելի քան երկու ռուբլով։ Ռուբլու հերթական ռեկորդային անկումը դոլարի և եվրոյի նկատմամբ պայմանավորված է նավթի գների շարունակական անկմամբ։

«Բրենթ» տեսակի նավթի մարտի ֆյուչերսները նախօրեին նվազել են ավելի քան երեք տոկոսով՝ հասնելով մինչև 27.8 դոլար 1 բարելի դիմաց։

Էներգետիկայի միջազգային կազմակերպության կանխատեսումներով, նավթի գները հետագայում ևս անկում կգրանցեն համաշխարհային շուկա Իրանի վերադարձի շնորհիվ։

Նավթի գների նվազումը պայմանավորված է նաև մեղմ ձմռան հանգամանքով. բնակարանների ջեռուցման և ջերմաէլեկտրակայանների համար նավթի պահանջարկը է՛լ ավելի է պակասել, քան սպասվում էր։

Կրեմլին, մինչդեռ, ռուբլու հերթական ռեկորդային անկումը կարծես չի մտահոգում։ Համենայն դեպս, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նախօրեին Մոսկվայում ելույթ ունենալով «Ռուսաստանի հենարանները» խորագրով համաժողովին, համոզմունք է հայտնել, որ ռուբլու անկումն ու փոխարժեքների տարբերությունը հիանալի առիթ են դրանից օգտվելու համար, քանի որ բիզնեսների համար նոր հնարավորություններ են ստեղծվում։

Անդրադառնալով երկրի օր-օրի վատթարացող տնտեսական վիճակին, Պուտինը խոտովանել է՝ վերջին երկու տարիները բավականաչափ դժվար են եղել տնտեսության համար։

«Օբյեկտիվ դժվարություններն անդրադարձել են գրեթե բոլոր ոլորտներին, բայց պետք է նշել, որ ընդհանուր առմամբ բիզնեսը, այդ թվում՝ փոքր, դիմակայել է դրան», - հավաստիացրել է Ռուսաստանի նախագահը։

XS
SM
MD
LG