Մատչելիության հղումներ

Տնտեսագետ․ Գազի գնի նվազման համար պարարտ հող կա


Տնտեսագետ Արտակ Մանուկյանը:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Կառավարությունը դեռևս չի պարզաբանում, թե երբ է ռուսական կողմը պատասխանելու գազի գինը վերանայելու՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնդրանքին, և թե հայկական կողմը գնի ինչ փոփոխություն է ակնկալում։

Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը միայն նշեց, որ միջազգային շուկայի զարգացումները հաշվի առնելով են դիմել ռուսական կողմին:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդգծեց՝ ռուբլու արժեզրկումից տուժած տնտեսությունը կշահի գազի գնի իջեցումից․ - «Կառավարությունը դիմել է, և կարծում եմ, որ պատասխան լինի, մենք բոլորս կիմանանք: Կարծում եմ, որ այստեղ աներկբա է, որ էներգակիրների գինը տնտեսության համար կարևոր նշանակություն ունի․․․ որի հետ կապված է նաև էլեկտրաէներգիայի գինը»:

Օրերս գործարարները վարչապետի հետ հանդիպմանն ընդծել էին, որ առանց էներգակիրների գնի վերանայման կկանգնեն լուրջ դժվարությունների առաջ։

Շշեր արտադող «Սարանիստ» ընկերության կոմերցիոն տնօրեն Մհեր Կիրակոսյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ իրենք արտադրանքը կրճատել են մոտ 40 տոկոսով, քանի որ խմիչք արտադրողներն իրենց հերթին են կրճատել արտադրանքը․ - «Գազի գինը իջավ՝ մեր շշի գինը կլինի x մինուս ինչ-որ մի թիվ, ես ավելի էժան եմ շիշը տալիս օգտագործողին, շիշ օգտագործողը իր ապրանքն է էժանացնում․․․ Շատ մեծ նշանակություն կունենա»:

«Գազի գնի նվազման համար պարարտ հող կա», - ասում է տնտեսագետ Արտակ Մանուկյանը, ում համոզմամբ, կառավարությունը պատահական չէ գործարարներին այդ հարցով խորհրդակցության հրավիրել։ Իշխանությունները, նրա կարծիքով, ցանկանում են գործարարների դժգոհությունն օգտագործել ռուսական կողմին համոզելու համար։ Այլ հարց է՝ արդյոք կցանկանա՞ Ռուսաստանը ընդառաջել էներգետիկ ոլորտում ամբողջովին Ռուսաստանից կախման մեջ գտնվող Հայաստանին։

«Նույն Ուկրաինային վերջերս Ռուսաստանը 230-ից 212 դոլարի կարգի գործարք առաջարկեց», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ շարունակելով․ - «Բավականաչափ մեծ ճնշում կա․․․ Իրանի՝ որպես նոր խաղացող այս շուկայում՝ ավելի մեծ հնարավորություններ ստեղծելով: Սա բավականաչափ պարարտ հող է ստեղծում, որ գազի գները նվազեն հատկապես Ռուսաստանի կողմից»:

2015-ին դրամի արժեզրկման պատճառով «Գազպրոմ»-ն արդեն մեկ անգամ իջեցրեց գազի գինը Հայաստանի սահմանին ավելի քան 12 տոկոսով։ Այս իջեցումը, սակայն, չփոխեց սակագինը սպառողների համար։

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները այս անգամ գոնե պետք է կարողանան այնպես բանակցել, որ ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից բացի, շահի նաև հայաստանյան սպառողը․ - «Մենք քաղաքականի վճարը արդեն իսկ արել ենք, այսինքն՝ գազի գինը իջել է, բայց մենք դա չենք զգացել: Դրանով վճարել ենք դուստր ընկերություններին: Հիմա, իմ կարծիքով, արդեն ժամանակն է, որ իջեցումը նաև անդրադառնա տնտեսության վրա»:

Էկոնոմիկայի նախարար Ճշմարիտյանը այսօր հստակ չպատասխանեց հարցին, թե եթե ռուսական կողմը մերժի իջեցնել գազի գինը, արդյոք կփորձի՞ Հայաստանը գազ գնելու շուրջ բանակցել արևմտյան պատժամիջոցներից ազատված Իրանի հետ։

«Մենք պիտի հարաբերությունները պահպանենք մեր տրադիցիոն գործընկերների հետ, որովհետև այդտեղ և՛ մշակութաբանական, և՛ ընդհանրապես շփվելու, և՛ պատմական բավական լուրջ հիմքեր կան՝ միևնույն ժամանակ, իհարկե, զարգացնելով մեր հարաբերությունները ոչ միայն Իրանի, այլև Չինաստանի, Հարավարևելյան Ասիայի, Միացյալ Նահանգների հետ», - ասաց նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG