Մատչելիության հղումներ

Դավոսում կքննարկեն համաշխարհային տնտեսության ամենամեծ մարտահրավերները


Բազմաֆունկցիոնալ HUBO հումանոիդ ռոբոտը իր հնարավորություններն է ցուցադրում Դավոսում
Բազմաֆունկցիոնալ HUBO հումանոիդ ռոբոտը իր հնարավորություններն է ցուցադրում Դավոսում

Շվեյցարական Դավոս գյուղաքաղաքն այսօր իր դռները բացեց Համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովի համար։

Աշխարհում ստեղծված ծանր ֆինանսական իրադրության պայմաններում «Չորրորդ արդյունաբերական հեղափոխություն» խորագիրը կրող եռօրյա համաժողովին մասնակցելու նպատակով Դավոս են ժամանում հազարավոր մասնակիցներ, այդ թվում տարբեր երկրների 40 ղեկավարներ, հարյուրավոր տնտեսագետներ, խոշոր գործարարներ և քաղաքական գործիչներ աշխարհի տարբեր անկյուններից։

«Նախ Դավոսի տղամարդն էր, այնուհետև Դավոսի կինը. այժմ պատրաստվեք դիմավորել Դավոսի ռոբոտին»,- կատակում է հեղինակավոր «Բլումբերգ»-ը՝ անդրադառնալով համաժողովին ներկայացվելիք այս տարվա գլխավոր նորարարություններից մեկին՝ հարավկորեական HUBO մարդանման ռոբոտին։

Մինչդեռ դավոսյան համաժողովի հիմնադիր ու նախագահ Կլաուս Շվաբը այս թեման կատակի վերածելու տրամադրություն չունի։ «Տեխնոլոգիական նորարարությունները առաջիկա տարիներին կարող են հանգեցնել ավելի քան 20 միլիոն աշխատատեղերի կորստի»,- հայտարարել է նա՝ շարունակելով.- «Լայնածավալ կրճատումները վտանգում են միջին խավի գոյությունը»։

Հենց այս թեմայի շուրջ նախատեսված են ավելի քան 20 քննարկումներ, անգամ այն հարցի շուրջ, թե որքանով է հավանական ապագայում պատերազմի դաշտում ռոբոտների ներկայությունը։

Համաժողովի հիմնական թեմաներից է աշխարհի առջև ծառացած թիվ մեկ խնդիրը՝ փախստականների ճգնաժամը։ Ալպյան առողջարանում հավաքված էլիտան մտադիր է քննարկել մարդասիրական խնդիրների անհետաձգելի լուծումները, այդ թվում փախստականների օգնության հատկացումներն ու զանգվածային արտագաղթի պատճառները։ Դավոսյան համաժողովի օրակարգում են նաև նավթի գների անկումը, դանդաղող չինական տնտեսությունը։

Համաժողովի հյուրերի շարքում Հայաստանից պաշտոնական պատվիրակություն չկա։ Աշխարհի ամենահեղինակավոր տնտեսական այս համաժողովին Հայաստանը վերջին անգամ մասնակցել է 2009-ին՝ նախագահի մակարդակով։

Հարևան երկրներից Վրաստանը մասնակցում է վարչապետի, իսկ Ադրբեջանը՝ նախագահի մակարդակով։ Նավթի գների կտրուկ անկման ֆոնին Ադրբեջանի իշխանությունները հույս ունեն համաժողովի միջանցքներում պայմանավորվածություններ ձեռք բերել տնտեսական ճգնաժամում հայտնված երկրում հնարավոր ներդրումների շուրջ։ Նավթի աննախադեպ էժանացման պատճառով մանաթի կտրուկ արժեզրկումը այդ երկրում առաջացրեց ծանր տնտեսական ճգնաժամ, որից դուրս գալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են մասնավոր կառավարման հանձնել երկրի մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ։

Ռուսաստանն այս տարի գրեթե անտեսել է համաժողովը։ Կրեմլը չի կարող համաժողովի ներկաների առջև պարծենալ իր տնտեսական հաղթանակներով։ Իսկ պատժամիջոցների վնասներից պատմելու համար Կրեմլը գործուղել է ոչ բարձրաստիճան պաշտոնյաների փոքրաթիվ կազմ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հասցրել է կատակել այդ առիթով։ Ելույթ ունենալով Մոսկվայում կազմակերպված «Ռուսաստանի հենարանները» համաժողովին և նկատելով լսարանում ներկա կառավարության մեծ թվով ներկայացուցիչների՝ նա ասել է.- «Ես տեսնում եմ՝ այստեղ մեծ թվով գործընկերներ կան կառավարությունից։ Անհասկանալի է, թե այդ դեպքում ով է մեկնել Դավոս դահուկներով սահելու։ Նախկինում մեծ ցանկությամբ էին գնում, իսկ այժմ՝ ոչ։ Երևի տոմսերի համար փող չունեն։ Տնտեսում են։ Ծախսելը լավ է, բայց պետք է տանն աշխատել»։

Այդուհանդերձ, համաժողովի ներկաների թիվն այս տարի ռեկորդային է՝ շուրջ 2500։ Կազմակերպիչներն արդեն հաստատել են Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Հունաստանի, Թուրքիայի վարչապետների, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղարի, Իրանի արտգործնախարարի մասնակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG