Մատչելիության հղումներ

ԱԺ Էթիկայի հանձնաժողովը կքննարկի ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների հարցը


Պատգամավոր Առաքել Մովսիսյանը (աջ) խորհրդարանում, արխիվ

Պատգամավոր Առաքել Մովսիսյանը (աջ) խորհրդարանում, արխիվ

Հանրապետականներ Առաքել Մովսիսյանի, գեներալ Սեյրան Սարոյանի և ևս 5 այլ պատգամավորների հարցը հայտնվել է Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովում՝ ուրիշի փոխարեն քվեարկելու համար։ Այսօր հանձնաժողովը դռնփակ նիստից հետո պատգամավորների դեմ դիմումը վարույթ ընդունեց։ Հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանն ասաց՝ հարցը կքննարկեն փետրվարի 1-ին։

«Խնդիրը միշտ եղել է խորհրդարանում, բայց Էթիկայի հանձնաժողովը նման որոշումներ երբևէ չի կայացրել այս փաստի կապակցությամբ, և դրա համար մենք առաջին անգամ ենք բախվում նման խնդրի, որ դիմել են այս հարցով՝ որպես էթիկայի կանոնների խախտում»,- նշեց Բաբայանը։

Յոթ պատգամավորների, այդ թվում՝ հինգ հանրապետականների կողմից ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերը արձանագրել է լրագրող Լիլիթ Լալայանը խորհրդարանի նախորդ արտահերթ նստաշրջանի ընթացքում, երբ կառավարությունը խորհրդարան էր բերել անհետաձգելի կարևոր օրինագծեր։ Պատմեց, որ կրկնաքվեարկության դեպքերն արձանագրել ու հրապարակել է, բայց պատգամավորները նույն բանն են արել 5 օր շարունակ, որոշել է դիմել Էթիկայի հանձնաժողով։

«Մենք հանրաքվեի միջոցով հաստատեցինք սահմանադրական փոփոխությունը, այն է՝ առաջնային մանդատ տալով խորհրդարանին, բայց արդյունքը այն է, որ ընդամենը հինգ օրվա ընթացքում խորհրդարանի պատգամավորները միմյանց փոխարեն քվեարկում են։ Հետևաբար կարելի է կասկածի տակ դնել ընդունված օրենքների իրավացիության վրա»,- ասաց Լալայանը։

Թեև խնդիրը կա, բայց հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը խոստովանում է՝ ինչ որոշում էլ կայացնեն, այն պատգամավորների վրա ազդեցություն չի ունենա.- «Իհարկե, ցավալի է, որ շատ պատգամավորներ կարող են ասել՝ «դե, Էթիկայի հանձնաժողովը արձանագրեց, որ մենք խախտում ենք արել, բայց ի՞նչ է փոխվելու դրանից»։ Եվ իրենք ճիշտ են։ Այս պահի դրությամբ Էթիկայի հանձնաժողովը բացի արձանագրելուց որևէ այլ լիազորություն չունի»։

Ինչպես Բաբայանի, այնպես էլ գործով զեկուցող Թևան Պողոսյանի կարծիքով՝ իրավիճակը շտկելու համար Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ են պետք։ Պողոսյանի խոսքով, գործող օրենքով ուրիշի փոխարեն քվեարկելու համար պատգամավորին պատժելու իրավունք ունի միայն ԱԺ նախագահը, սակայն նման դեպք պատգամավորը չի հիշում։

«Մոտ երկու տարի առաջ «Ժառանգություն» խմբակցության կողմից եղել է այդ նախաձեռնությունը՝ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելու, և ինչ-որ չափով սանկցիաների կիրառման առաջարկ է եղել այն մարդկանց դեմ, ովքեր կրկնակի քվեարկում են։ Առաջին ընթերցմամբ այդ օրինագիծը անցել է, մեծ օրակարգում է, այնպես որ ի վերջո կգան գիտակցության, որ պետք չէ այլևս օրակարգում պահել, պետք է փոխել ԱԺ կանոնակարգ-օրենքը»,- ասաց Պողոսյանը։

Օրինազանց պատգամավորներին պատժելու համար Պողոսյանն առաջարկում է, օրինակ, աշխատավարձից պահումներ անել կամ ձայնից զրկել։ Ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերն արձանագրած լրագրող Լիլիթ Լալայանը վստահեցնում է՝ Էթիկայի հանձնաժողովով չի բավարարվելու, որոշումից հետո Ազգային ժողովի նախագահին է դիմելու։

«Քանի որ Էթիկայի հանձնաժողովի որոշումը չունի որևիցե իրավական հետևանք, ես այդ որոշումը հիմք ընդունելով դիմելու եմ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին և պահանջեմ, խնդրեմ, հորդորեմ, որ համապատասխան կարգապահական տույժ կիրառի՝ աշխատավարձից, գործուղումներից, ձայնի իրավունքից զրկում»,- ասաց լրագրողը։

XS
SM
MD
LG