Մատչելիության հղումներ

Ազգային պատկերասրահի ղեկավարներն ամփոփեցին անցած տարին ու ներկայացրին հետագա ծրագրերը


Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:
Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

Հայաստանի ազգային պատկերասրահի նորանշանակ երիտասարդ տնօրեն Արման Ծատուրյանը պատրաստվում է մի շարք ծրագրեր իրականացնել պատկերասրահում:

Այդ ծրագրերը, նրա համոզմամբ, պիտի նպաստեն հասարակության ու պատկերասրահի կենդանի ու հաճախակի շփումներին: Դրանցից մեկը պատկերասրահում գիտակրթական դասընթացներ իրականացնելն է, երբ հատկապես դպրոցահասակ երեխաները կկարողանան սովորել և կրթվել պատկերասրահի ավելի քան 50 ցուցասրահներում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային պատկերասրահի ղեկավարները՝ տնօրենը, գիտքարտուղարը, գլխավոր ֆոնդապահը հանգամանալիորեն խոսեցին 2015-ին պատկերասրահում և նրա մասնաճյուղերում բացված ավելի քան 60 նոր ցուցահանդեսների մասին, նաև արտասահմանյան մի շարք երկրներում բացված այն ցուցահանդեսների մասին, որոնց մասնակցել է նաև Հայաստանի ազգային պատկերասրահն իր ցուցանմուշներով՝ մեր լավագույն գեղանկարիչների ու քանդակագործների ստեղծագործություններով:

Այս ցուցահանդեսների մեծ մասը, իհարկե, նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Դրանք ներկայացվել են «Վկայություն», «Գաղթ», «Ո՛չ ցեղասպանությանը», «Ապրելո՛ւ ենք», «Պատասխան 100 տարի անց» խորհրդանշական խորագրերով:

2015-ին պատկերասրահն ու դրա 13 մասնաճյուղերն ունեցել են շուրջ 85 հազար այցելու:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի՝ պատկերասրահից ու մասնաճյուղերից կորած նկարների մասին հարցին, տնօրենն ասաց․ - «Մի քանի քրեական գործ կա, որոնք քննության ընթացքում են»:

Ավելի ծավալուն պատասխան տվեց պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանը․ - «Ընդհանուր առմամբ, պատկերասրահի գոյության ընթացքում կորել են ընդամենը 164 թանգարանային առարկաներ: Թեև անգամ մեկ առարկայի կորուստը շատ մեծ է, բայց ես ասում եմ ընդամենը, որովհետև երբ մենք դնում ենք ուրիշ թանգարանների հետ համեմատության մեջ․․․ Հիմնականում այդ առարկաները կորել են կա՛մ ցուցադրությունից, կա՛մ առարկաները տրված են եղել այլ կազմակերպությունների ժամանակավոր ցուցադրության, այնտեղից: Մենք շատ ցավալի դեպք արձանագրեցինք, որի մասին հայտնեցինք իրավապահներին, երբ մեր պահոցից քանդակներ կորան»:

Խոսքը Հակոբ Գյուրջյանի քանդակների մասին է, որոնց գողացվել են դեռ 2011 թվականին:

Արման Ծատուրյանը հավելեց․ - «Նույնիսկ աշխարհի առաջատար թանգարաններից գողանում են: Դա բացառել շատ դժվար է: Հայաստանի ազգային պատկերասրահում մենք ծրագրում ենք այս տարի տեղադրել շուրջ 120 տեսախցիկ ֆոնդերում և միջանցքներում»:

Պատկերասրահի կորուստները դեռ չեն հայտնաբերվել, փոխարենը բարերարների շնորհիվ հավաքածոն համալրվել է 78 նոր ստեղծագործություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG