Մատչելիության հղումներ

logo-print

Գագիկ Բեգլարյանը մեկնել է Իրան


Լուսանկարը՝ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության

Լուսանկարը՝ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նախարարն այսօր հանդիպել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզի հետ:

«Ստորագրվել են փոստային կապի և հաղորդակցական ոլորտում համագործակցության և փոխըմբռնման երկու հուշագրեր: Ստորագրված հուշագրերով՝ Իրանն ու Հայաստանը կհամագործակցեն փոստային ոլորտում, կթողարկեն համատեղ նամականիշ, միջազգային հարթակում կընդլայնեն փոստային կապերը, կանցկացվեն ոլորտին առնչվող համատեղ ցուցահանդեսներ։ Երկու երկրների միջև կստեղծվի նաև ինտերնետային գնումների հնարավորություն։ Գնված ապրանքները կառաքվեն փոստային ծառայությունների միջոցով», - ասված է հաղորդագրությունում:

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին նշել է, որ հայկական պատվիրակության հետ ունեցած բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ինտերնետի, փոստի և կապի ոլորտներում ընդլայնել համագործակցությունը:

Անդրադառնալով երեք շաբաթ առաջ Իրանի կապի նախարարության պատվիրակության Հայաստան կատարած այցին, Վաեզին հավելել է, որ վերջին երեք շաբաթների ընթացքում կապի ոլորտում Իրանի և Հայաստանի համագործակցությունների ծավալը չորս անգամ ավելացել է, և իրանական կողմը պատրաստ է այն ավելացնել 14 անգամ:

Այցի ընթացքում Գագիկ Բեգլարյանը հանդիպել է նաև Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդիին: Կողմերը քննարկել են Պարսից ծոց - Սև ծով միջանցքի ստեղծման վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես, բանակցություններ են ընթացել Ջուլֆա - Երասխ երկաթգծի կառուցման շուրջ։

Գագիկ Բեգլարյանը հանդիպումից հետո նշել է, որ հայ և իրանցի փորձագետների համագործակցության շնորհիվ այդ հարցում հնարավոր է դրական արդյունքներ գրանցել։

«Հայաստանում կառուցում ենք միջազգային ստանդարտներին համապատասխանող Իրանից Վրաստան տանող մայրուղի: Հույս ունենք, որ մինչև 2018 թվականը շահագործման կհանձնենք Երևան - Վրաստան հատվածը: Հայաստանի տարածքով երկու երկրների միջև ճանապարհային ապրանքափոխանակումների համար ստորագրելու ենք համաձայնագիր, ինչը կնպաստի իրանական արտադրանքը Սև ծով հասցնելուն», - ասել է Բեգլարյանը։

Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարարը նկատել է, որ նախորդ տարվա ընթացքում Իրանի ու Հայաստանի միջև բեռնափոխադրումների 50 տոկոս աճ է արձանագրվել: 10 հազար բեռնատարներ Իրանից ուղևորվել են դեպի Հայաստան, և ևս 2 հազարը` հակառակ ուղղությամբ:

Ըստ նախարարության, երկու երկրների միջև երթևեկը խթանելու նպատակով հավասարեցվել են գանձվող մաքսատուրքերը:

«Ջուլֆա-Երասխ երկաթգծի կառուցման կապակցությամբ Հայաստանի հետ բանակցություններ են տարվել, և պետք է դրա ֆինանսավորման շուրջ համաձայնություն ձեռք բերել», - ասել է Աբբաս Ախունդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG