Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԺ հանձնաժողովը կոչ է անում դատապարտել 1990-ի Բաքվի հայկական ջարդերը


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում

Բաքվի ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ։

Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «1990 թվականին հունվարի 13-19-ը Բաքվում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպվել ու իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Միայն իր ազգային պատկանելության համար տեղի շուրջ քառորդ միլիոն հայությունը ենթարկվել է բռնությունների, կոտորածի ու տեղահանման, ինչի հետևանքով քաղաքն ամբողջությամբ հայաթափվել է: Թալանի ու բռնագրավման է ենթարկվել Բաքվի հազարավոր հայ բնակիչների անշարժ ու շարժական գույքը: Բռնություններին զոհ է գնացել ավելի քան 400 հայ, որի մասին վկայում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները»:

«Այդ օրերին Բաքվում տեղի ունեցած բռնությունները 1988 թվականի փետրվարին Սումգայիթում և Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում չդատապարտված ջարդերի շարունակությունն էին, որոնք իրականացվել են ԽՍՀՄ ղեկավարության իմացության և թողտվության պայմաններում ու Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով տարածվել նաև Լեռնային Ղարաբաղում», - ասված է հայտարարությունում։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նշում է. - «Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն նենգափոխում են «սև հունվարի» էությունը, այլև լռության ու մոռացության են մատնում «երեք ջարդերի մայրաքաղաքի» պատմությունը՝ փորձելով կոծկել Բաքվում 1905 թվականի, 1918 թվականի, 1990 թվականի կոտորածների և ադրբեջանահայության հանդեպ իրականացրած ցեղասպանության քաղաքականության ակնհայտ հետևանքները»:

Ըստ հանձնաժողովի, «Բաքվի հայության դեմ իրականացված սոսկալի կոտորածը մինչ օրս համարժեք գնահատական չի ստացել»: «Ավելին, վերջին քսանվեց տարիներին, օգտվելով անպատժելիությունից, Ադրբեջանի ղեկավարությունը հետևողականորեն իրականացնում է հայատյացության պետական քաղաքականություն, որն ուղեկցվում է զինադադարի պարբերաբար խախտումներով և պատերազմի վերսկսման սպառնալիքներով», - ասված է հայտարարությունում։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, դատապարտելով այլատյացության, ծայրահեղականության և ահաբեկչության ցանկացած դրսևորում, վերահաստատում է, որ Բաքվի ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը։

«Լեռնային Ղարաբաղը հետևողական է լինելու, որպեսզի ադրբեջանահայության ցեղասպանությունը կազմակերպողներն ու իրականացնողները, համաձայն միջազգային նորմերի, ենթարկվեն պատասխանատվության», - հայտարարում է հանձնաժողովն ու կոչ անում «քաղաքակիրթ հանրությանը և խորհրդարանական կառույցներին՝ դատապարտել Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերը, դրանց տալ իրավական գնահատական»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG