Մատչելիության հղումներ

2015-ի պետական մրցանակները հանձնվեցին դափնեկիրներին


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Մի քանի բնագավառներում մրցանակներ չեն շնորհվել:

Հայաստանի նախագահի նստավայրում այսօր կայացել է 2015 թվականի պետական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառներում պետական մրցանակները շնորհվել են նախագահի 2015-ի դեկտեմբերի 29-ի հրամանագրով՝ հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները: Մրցանակներ չեն շնորհվել կերպարվեստի, թատերական արվեստի, ինչպես նաև հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում, որոնց հանձնախմբերի նախագահների տեղեկացմամբ՝ ներկայացված աշխատանքները փակ գաղտնի քվեարկության արդյունքում չեն հավաքել բավարար քանակի ձայներ:

Գրականության և արվեստի բնագավառի մի շարք ոլորտներում՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կինոարվեստի, պետական մրցանակների են արժանացել՝ Հակոբ Մովսեսը (Հակոբյան)՝ «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար (գրականության և հրապարակախոսության ոլորտ), Վարդան Աճեմյանը՝ «Հնչյունի թատրոն» լարային նվագախմբի, գոսերի և դաշնամուրի համար» ստեղծագործության համար (երաժշտության ոլորտ), Վահե Կևորկովը (ռեժիսոր), Սամվել Բաբասյանը (օպերատոր), Հայկ Բադալյանը (օպերատոր), Աննա Դերձակյանը (սցենարի հեղինակ) և Արթուր Փարսյանը (մոնտաժող)՝ «Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմի համար (կինոարվեստի ոլորտ):

Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակի են արժանացել Նարեկ Սարգսյանը (ճարտարապետ), Պոլ Չաթալբաշյանը (կոնստրուկտոր) և Ստեփան Ախոյանը («Սպիտակ Տնակ» ՍՊԸ-ի տնօրեն)՝ Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում կառուցված կառավարական վարչական համալիրի համար:

Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում պետական մրցանակ է շնորհվել Աշոտ Սաղյանին, Աննա Մկրտչյանին և Հայարփի Սիմոնյանին՝ «Նոր սերնդի ոչ սպիտակուցային ամինաթթուների արդյունավետ փոքրածավալ արտադրական տեխնոլոգիա» աշխատանքի համար:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, պետական մրցանակները հանձնելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը իր շնորհավորական խոսքն է հղել բոլոր մրցանակակիրներին՝ մասնավորապես ասելով․ - «Համոզված եմ, որ գիտական նոր նվաճումը կամ արվեստի նոր ստեղծագործությունը իր իսկական գնահատականը ստանում է ավելի ուշ, երբ անցնում է ժամանակի քննությունը: Դա չի նշանակում, որ մենք պետք է սպասենք հարյուր կամ երկու հարյուր տարի և հետո միայն գնահատենք, թե ով ինչ է արել: Համոզված եմ նաև, որ ժամանակակիցները պատասխանատվություն ունեն ստեղծագործողների և հայտնագործողների առջև: Մենք պարտավորություն ունենք բարձրաձայն ասելու, թե ինչն է մեզ համար արժեք և ինչը՝ ոչ: Սա հասարակության ու պետության արժեքային համակարգը վերահաստատելու պարտադիր միջոց և պայման է: Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների իմաստը ես առաջին հերթին տեսնում եմ հենց դրանում: Մենք մատնանշում ենք, կարևորում ենք, հանրությանն ի ցույց ենք դնում այն, ինչը արժանի է գնահատականի այսօր և այստեղ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG