Մատչելիության հղումներ

logo-print

Կալաձե. «Գազպրոմ»-ը սպառնում է դադարեցնել Վրաստանի տարածքով Հայաստան գազի մատակարարումը


Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձե

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձե

Վրաստանի հետ բանակցությունների տապալման դեպքում «Գազպրոմ»-ը սպառնում է դադարեցնել «Հյուսիս-Հարավ» մագիստրալային գազատարով Հայաստան իրականացվող մատակարարումները՝ փոխարենը Հայաստան-Իրան խողովակաշարի միջոցով հայկական շուկան ապահովելով իրանական գազով: Երեկ երեկոյան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում նման հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

«Գազպրոմ»-ը մեզ առաջարկում է անցնել ֆինանսական վճարների մեխանիզմին: Դուք գիտեք, որ այժմ Հայաստան մատակարարվող գազի 10 տոկոսը Վրաստանում է մնում՝ որպես տարանցման վճար: Ռուսական կողմը այժմ մեզ առաջարկում է կոնկրետ գումար տրամադրել, այլ ոչ թե գազ: Մեզ համար դա նորություն էր, և մենք այդ տարբերակին կտրականապես համաձայն չէինք: Մեր անհամաձայնությանն ի պատասխան, սակայն, «Գազպրոմ»-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Ռուսաստանն իրական հնարավորություն ունի Հայաստանին գազ մատակարարել Իրանի տարածքով»,- հայտարարեց Կալաձեն՝ ռուսական կողմի այս պնդումը որակելով որպես վերջնագիր:

«Մեր նախարարությունը վերլուծեց, թե որքանով է իրատեսական մեզ ներկայացված վերջնագիրը` պարզելով, որ «Գազպրոմ»-ն այսօր Իրանով կարող է Հայաստան մատակարարել մոտ 1 միլիարդ խորանարդ մետր գազ: Որոշակի տեխնիկական աշխատանքներից հետո նրանք կարող են ամբողջությամբ բավարարել հայկական շուկայում առկա պահանջարկը»,- նշում էր Կալաձեն:

Վրաստանի էներգետիկայի նախարար նաև ընդգծում է, որ վրաց մասնագետների գնահատականով՝ տարանցման վրացական ուղուց հրաժարվելու դեպքում մոտ մեկ տարի շարունակ Հայաստանը գազի պակասորդի կբախվի:

Ուշագրավ է, որ Կալաձեի այս հայտարարությունը հնչեց նրա` Վիեննա մեկնելուց հաշվված ժամեր առաջ: Ավստրիայի մայրաքաղաքում Վրաստանի էներգետիկայի նախարարն այսօր հանդիպում է «Գազպրոմ»-ի արտահանումների գծով գլխավոր պատասխանատուի` «Գազպրոմ Էքսպորտ» ընկերության տնօրեն Ելենա Բուրմիստրովայի հետ: Վրացական աղբյուրների պնդմամբ՝ բանակցությունների ընթացքում հիմնական տարաձայնությունները կրկին առնչվելու են Հայաստան մատակարարվող գազի տարանցման վճարներին:

Ռուսական կողմը ցանկանում է տարանցման համար ոչ թե գազով, այլ դրամով վճարել` հաշվի առնելով միջազգային շուկայում գազի գնի անկումը: Բացի այդ, Թբիլիսիում որոշակի մտավախություններ կան, որ Մոսկվայի հետ գրեթե տասնամյա ընդմիջումից հետո կրկին ֆինանսական հարաբերությունների մեջ մտնելը կարող է երկիրը կախվածության մեջ դնել «Գազպրոմ»-ից:

Վրաստանը 2007 թվականին էր վերջնականապես հրաժարվել «Գազպրոմ»-ից գազ գնելու պրակտիկայից` գրեթե ամբողջությամբ անցնելով Ադրբեջանում արդյունահանված վառելիքի սպառմանը: Այսօր ադրբեջանական գազի տեսակարար կշիռը Վրաստանում 80-85 տոկոս է կազմում: Կախա Կալաձեի խոսքով` ռուսական գազի մատակարարումների ծավալն ավելացնելու դեպքում անգամ Ադրբեջանը շարունակելու է մնալ Վրաստանի կապույտ վառելիքի թիվ մեկ մատակարարը և ռազմավարական գործընկերը:

XS
SM
MD
LG