Մատչելիության հղումներ

logo-print

Ամալ Քլունին պատրաստ է պաշտպանել Խադիջա Իսմայիլովային


Խադիջա Իսմայիլովա, Ամալ Քլունի

Խադիջա Իսմայիլովա, Ամալ Քլունի

«Նա համարձակ կին է և հիմա, ցավոք, ճաղերի հետևում է», - Ադրբեջանում բանտարկված լրագրողուհու մասին ասել է հանրահայտ փաստաբանը:

Հանրահայտ փաստաբան Ամալ Քլունին Ամերիկյան NBC հեռուստաընկերության եթերում մտադրություն է հայտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պաշտպանել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող, բանտարկված Խադիջա Իսմայիլովայի իրավունքները:

Լրագրողի հարցին ի պատասխան, թե արձանագրած հաջողություններից հետո ո՞րն է փաստաբանի ուշադրության կենտրոնում հայտնված հաջորդ գործը, Ամալ Քլունին հիշատակել է Ադրբեջանը և խոսել լրագրողուհու մասին, ով բացահայտել է իշխող ռեժիմի կոռուպցիայի մի քանի դեպքեր:

Ամալ Քլունին հատուկ ընդգծել է փաստը, որ Իսմայիլովայի ննջարանում թաքնված տեսախցիկ էին տեղադրել, հետո հրապարակել լուսանկարներ: «Նա համարձակ կին է և հիմա, ցավոք, ճաղերի հետևում է», - ասել է Քլունին:

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին հույս է հայտնել, որ իր հաջորդ հարցազրույցների ժամանակ գուցե քննարկի Եվրոպական դատարան հասած Ադրբեջանի գործը:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, Բաքվում Խադիջա Իսմայիլովայի շահերը ներկայացնող փաստաբաններն առայժմ չեն հաստատել, որ պայմանագիր է կնքվել Ամալ Քլունիի հետ: Լրագրողի շահերը Բաքվում պաշտպանած փաստաբաններն անցյալ շաբաթ տեղեկացրել էին Եվրոպական դատարան դիմելու մասին:

Իսմայիլովայի փաստաբան Ֆահրադին Մեհտիևը ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության հետ զրույցում այսօր ուշադրություն է հրավիրել հանգամանքին, որ միջազգային կազմակերպությունները պաշտպանում են Խադիջա Իսմայիլովային:

«Գուցե Ամալ Քլունին՝ հայկական ծագում ունեցող փաստաբանը, նույնպես այս կազմակերպությունների անդամ է: Սակայն ես չունեմ տեղեկություն, թե կա համաձայնություն Իսմայիլովայի և Ամալ Քլունիի միջև»,- ասել է փաստաբանը:

Իսմայիլովայի մյուս փաստաբանը՝ Ֆարիզ Նամազլին, ասել է, որ Ամալ Քլունիի պատրաստակամության հարցը Խադիջա Իսմայիլովայի հետ կքննարկի գալիք շաբաթ և որոշման մասին տեղյակ կպահի հանրությանը:

Ադրբեջանցիները սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ են սկսվել, թե արդյո՞ք հայկական արմատներ ունի Ամալ Քլունին: Հայտնի փաստաբանի հայտարարությունից հետո շրջանառության մեջ է դրվել անգամ պնդումը, թե Քլունին Խադիջա Իսմայիլովայի գործի մեջ ներգրավվում է «հայկական լոբբիստական ջանքերի շնորհիվ»։

Հիշեցնենք՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը անցած տարվա սեպտեմբերի 1-ին 7.5 տարվա ազատազրկման դատապարտեց Իսմայիլովային: Ադրբեջանի նախագահի ընտանիքի կոռուպցիոն գործունեությունը հետաքննած լրագրողին դատարանը մեղավոր ճանաչեց հարկային հանցագործությունների, ինչպես նաև միջոցներ վատնելու մեջ: Բաքվի դատարանը հաստատված չհամարեց ավելի վաղ Իսմայիլովային առաջադրված՝ ինքնասպանության հասցնելու մեղադրանքը:

Խադիջա Իսմայիլովան բացահայտել էր փաստեր, որոնք վկայում են, թե ինչպես է 2012 թվականին ադրբեջանական կառավարությունն Իլհամ Ալիևի ընտանիքին հնարավորություն ընձեռել շահույթ ստանալ ոսկու հանքերից: Լրագրողը 2014 թվականին գրել էր, որ օֆշորային ընկերության միջոցով Ալիևի երկու դուստրերը ղեկավարում են ադրբեջանական կապի հիմնական ընկերությունը՝ Azercell-ը: Բացի այդ, ըստ Խադիջա Իսմայիլովայի հրապարակած հետաքննությունների, Ալիևի ընտանիքի տրամադրության տակ է նավթային բիզնեսը, 6 շքեղ հյուրանոց՝ Բաքվում, դուստրերն ունեն հսկայական առանձնատուն Մոսկվայում:

Իսմայիլովան ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին, դատաքննության ժամանակ նա հայտարարում էր․ - «Ես ձերբակալվել եմ Իլհամ Ալիևի պատվերով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG