Մատչելիության հղումներ

Ռուսաստանում տնտեսական վիճակի վատթարացումը կարող է վտանգել Հայաստանին խոստացված վարկերի տրամադրումը


Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:

Ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանի խոսքով՝ Ռուսաստանի ֆինանսատնտեսական վիճակի վատթարացման դեպքում հնարավոր է, որ Հայաստանը չստանա Կրեմլի խոստացած վարկերը՝ այդ թվում սպառազինության եւ ատոմակայանի վերանորոգման համար:

«Իհարկե, եթե Ռուսաստանում վիճակը շատ վատանա, հնարավոր է, որ նաև չտրամադրեն», - պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Սաֆարյանը՝ շարունակելով․ - «Մենք հիմա գտնվում ենք բազմաթիվ ռիսկերի գոտում․ նավթի գինն է անընդհատ անհասկանալի տատանումների, իջեցումների․․․․ Դրանք բոլորը ռիսկեր են, և մենք միշտ էլ նշել ենք, որ այդ ռիսկերը կան»:

Ճշտող հարցին, թե արդյոք դա վերաբերում է նաև անցած տարի ստորագրված պայմանագրերով տրամադրվելիք ռազմական, ատոմակայանի վարկերին, փոխնախարարը արձագանքեց․ - «Ես շատ մանրամասնություններին տեղյակ չեմ, բայց եթե վիճակը իրոք շատ վատանա, հնարավոր է նաև դրանք չլինեն: Չնայած և՛ Ռուսաստանի կառավարությունը վստահ է, և՛ մենք հուսով ենք, որ վիճակը այդքան չի ծանրանա»:

Անցած տարի Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին երկու խոշոր վարկային պայմանագրեր, որոնց համաձայն Մոսկվան պետք է 270 միլիոն դոլար տրամադրեր Մեծամորի ատոմակայանի նորոգման և 200 միլիոն դոլար՝ սպառազինության ձեռքբերման համար:

Հայաստանի իշխանությունները սա որպես լուրջ հաջողություն էին ներկայացնում․ անցած սեպտեմբերին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը անգամ ընդգծեց, որ 200 միլիոն դոլար վարկը «թույլ կտա թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը»:

Սակայն նավթի գների շարունակվող անկումը ծանր դրության մեջ է դրել Ռուսաստանի տնտեսությունը՝ հարկադրելով Կրեմլին օգտագործել նախորդ տարիներին կուտակած արժութային պահուստները:

Երկու օր առաջ Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը ըստ էության չբացառեց, որ Մոսկվան կարող է չկատարել ստանձնած վարկավորման պարտավորությունները: «2015-ին կնքվել են բավականին շատ վարկային պայմանագրեր: Խոշոր պարտավորություններ ենք ստանձնել, և վարկավորման պարտավորությունները չկատարելը ավելի մեծ խայտառակություն է, քան վարկի մարումը ձգձգելը», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ հավելելով, որ երկրի բյուջեն լարված վիճակում է, և նոր վարկերի տրամադրման հավանականությունը շատ փոքր է:

2015 թվականին 80 միլիարդ դրամ քիչ հարկ է հավաքվել

Այսօր պարզվեց, որ անցած տարի լարված վիճակում է եղել նաև Հայաստանի պետբյուջեն: Պավել Սաֆարյանը, մասնավորապես, ասաց, որ 2015-ի հարկային եկամուտների պլանը թերակատարվել է մոտ 80 միլիարդ դրամով, և այդ բացը փակելու համար ներգրավել են 48 միլիարդ դրամ վարկեր ու 4 միլիարդ դրամ լրացուցիչ եկամուտներ․ - «2015 թվականին հարկային եկամուտների պլանը թերակատարվեց: Պատճառը հիմնականում բոլորին հայտնի է․ դա մեր ՀՆԱ-ի նախատեսվածից ավելի ցածր ցուցանիշներ ունենալն էր: Սակայն, չնայած հարկերի թերակատարմանը, կառավարությանը հաջողվեց ամբողջ ծախսային պարտավորությունները կատարել»:

2015-ին արտաքին պարտքը ավելացել է 524 միլիոն դոլարով

Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն, անցած տարի Հայաստանի արտաքին պարտքը աճել է ավելի քան կես միլիարդ դոլարով՝ գերազանցելով 4 միլիարդ 309 միլիոն դոլարը:

Սաֆարյանի այսօրվա խոսքից պարզ դարձավ, որ այս տարի ևս կառավարությունը մտադիր է մեծացնել արտաքին պարտքի բեռը․ - «Այն ցուցանիշը, որը մենք ունենք, և այն ցուցանիշը, որը մենք կունենանք տարեվերջին՝ ՀՆԱ-ի նկատմամբ 42 տոկոսից հասնելու է 48 տոկոսի․․․ Պարտք վերցնողը միշտ էլ պետք է մտահոգ լինի՝ անկախ պարտքի մեծությունից»:

«2016-ը կարող է ավելի ծանր լինել, քան ճգանաժամային 2009 թվականը»

Տնտեսագետ Բաբկեն Թունյանի խոսքով, այս տարին Հայաստանի տնտեսությունը կարող է ավելի լուրջ կորստով փակել, քան անգամ ճգնաժամային 2009-ին:

«Մեր տնտեսությունը, ցավոք սրտի, իր խորը կախվածությունը արտաքին աշխարհից չկարողացավ վերացնել, չնայած մենք երկար տարիներ դրա մասին խոսում ենք: Չեմ ուզում հոռետեսական ինչ-որ ենթադրություններ անել, բայց ամեն ինչ տանում է նրան, որ իրոք բավականին դժվարին տարի է լինելու այս տարին թե՛ հարկային եկամուտների հավաքագրման առումով, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական աճը ապահովելու առումով: Պետք է պատրաստ լինենք այդ վատագույն ժամանակներին, որը հնարավոր է ավելի ծանր լինի, քան 2009 թվականի տնտեսական ճգնաժամը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբկեն Թունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG