Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարար․ Իրավիճակը բարելավվում է


Երևանի հիվանդանոցներից մեկում, հունվար, 2016թ․

Երևանի հիվանդանոցներից մեկում, հունվար, 2016թ․

Հայաստանում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը բարելավվում է: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով՝ ապաքինվածների 99 տոկոսն առանց առողջության համար որևէ հետագա խնդրի դուրս է գրվում հիվանդանոցներից:

Միաժամանակ, Մուրադյանը հայտնեց, որ H1N1 վարակից մահվան դեպքերի թիվը այսօրվա դրությամբ հասել է 18-ի: Հիշեցնենք՝ շաբաթվա սկզբին խոզի գրիպից մահվան դեպքերի թիվը 16 էր:

Դպրոցների և մանկական նախադպրոցական հաստատությունների ձմեռային արձակուրդների երկարաձգման հարցով Արմեն Մուրադյանը նշեց, որ մշտադիտարկումներ են իրականացվում, և ընդհանուր ցուցանիշները վերլուծելուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախարարությունը հանդես կգա համապատասխան առաջարկով:

Նախարարը հավաստիացրեց, որ բոլոր բժշկական հաստատությունները՝ ինչպես հիվանդանոցային, այնպես էլ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում, ապահովված են «Տամիֆլյու» հակավիրուսային դեղի անհրաժեշտ քանակությամբ:

«Չկա որևէ հիվանդ, որ դեղի կարիք է ունեցել և չի ստացել»,- ասաց նա:

Մուրադյանի փոխանցմամբ՝ վերջին երեք օրվա ընթացքում պահպանվում է գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման միտումը։ Արձանագրվում է հիվանդանոցային և առողջության առաջնային պահպանման օղակի դիմելիության, ինչպես նաև շտապօգնության կանչերի նվազում, գրեթե չկա ծանր դեպքերի նոր դիմելիություն։

Նրա խոսքով` որոշակի բարելավումը կարել է դիտարկել որպես օրինաչափություն:

Նախարարը կարևորեց մարդկանց բարձր զգոնությունը և հնարավորինս վաղ փուլում դիմելիությունը բուժաստատություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG