Մատչելիության հղումներ

ՀՀ դեսպանը ՄԱԿ ԱԽ-ում խոսել է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության հրետակոծումների մասին


Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից 1994 թվականին կնքված զինադադարի անտեսման և խախտման դեպքերի արդյունքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունն առերեսվում է անվտանգությանն ուղղված լրջագույն մարտահրավերներին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը՝ երեկ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) «Քաղաքացիական բնակչության պաշտպանություն» խորագրով բաց քննարկմանը:

Դեսպանը նշել է, որ աճում են Լեռնային Ղարաբաղի հետ շփման և Հայաստանի հետ սահմանային գծով խաղաղ բնակչության հրետակոծումները. դրանք հասել են աննախադեպ չափերի` կիրառվում է խոշոր տրամաչափի և ծանր հրետանի, խլելով սահմանային գյուղերի բնակիչների կյանքը: Միայն 2015 թվականի սեպտեմբերին զոհվեց երեք կին։

Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից զինադադարի միտումնավոր և նպատակային խախտումները, զուգորդված ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքների խաթարմամբ, արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Մնացականյանը: Ուստի, Հայաստանը կրկին անգամ կոչ է անում Ադրբեջանին հետամուտ լինել միջազգային հանրության կոչերին` ձևավորել զինադադարի խախտման դեպքերը քննող մեխանիզմ և ետ քաշել դիպուկահարներին: Այլապես, այն ստանձնում է բռնության և լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը, նշել է ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը:

Մնացականյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը հակամարտությունների կարգավորման խնդրում տարածաշրջանային կազմակերպությունների կարողությունների կիրառման լավագույն օրինակներից է: «Հայաստանը բարձր է գնահատում միջազգային հանրության, ՄԱԿ-ի և նրա Գլխավոր քարտուղարի աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությանը ու կոչ է անում մերժել Մինսկի խմբի համանախագահության ջանքերի խաթարմանն ուղղված Ադրբեջանի բոլոր փորձերը», - ասել է նա:

Դեսպանը նշել է, որ Հայաստանը կիսում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մտահոգությունը` քաղաքացիական բնակչության պաշտպանության խնդրում, որի արդիականությունը հակամարտությունների գոտիներում չի նվազել: «Խնդրի մարդասիրական հարթությունից զատ, քաղաքացիական բնակչությանը սպառնում է ֆիզիկական գոյության և անպաշտպանվածության վտանգը: Թեպետ Անվտանգության խորհուրդը զգալի ջանքեր է գործադրում խնդրո առարկայի շուրջ առաջընթաց արձանագրելու ուղղությամբ, այնուհանդերձ, անհրաժեշտ է է՛լ ավելի վճռական գործելակերպ: Այս իմաստով կարևորվում է կանխարգելման դերը», - հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը:

Կարևորելով ՄԱԿ-ի մասնակցությունը քաղաքացիական բնակչության դեմ ֆիզիկական բռնության կանխարգելման, պաշտպանության և մարտավարության մշակման ոլորտներում՝ Հայաստանի դեսպանը շեշտել է․ - «Կազմակերպության հեղինակությունը պետք է գնահատվի ոչ թե հնչեցված` դատապարտման խոսքերով, այլ խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված շոշափելի գործություններով: Այս իմաստով հարկավոր է առանձնահատուկ ընդգծել ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների դաշտային առաքելությունների դերը` տեղերում իրավիճակի գնահատման հարցում, ընդունելով, որ կանխարգելումը` քաղաքացիական բնակչության պաշտպանության լավագույն միջոցն է: Ավելին, հակամարտության գոտում քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ուղղակիորեն կապված է զանգվածային ոճրագործությունների և ցեղասպանություն հանցատեսակի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG