Մատչելիության հղումներ

logo-print

Ստամբուլում պահանջում են Էրգենեկոն պողոտան վերանվանել Հրանտ Դինքի անունով


Թուրքիա - Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցին նվիրված ցույցը Ստամբուլում, 19-ը հւնվարի, 2016թ․

Թուրքիա - Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցին նվիրված ցույցը Ստամբուլում, 19-ը հւնվարի, 2016թ․

Շիշլիի թաղապետարանում հանդիպումը կայացել է «Ակոս»-ի խմբագրապետի սպանության 9-րդ տարելիցի նախօրեին:

Ստամբուլում պահանջում են Շիշլի թաղամասում գտնվող Էրգենեկոն պողոտան վերանվանել Հրանտ Դինքի անունով:

Նաև այս պահանջով՝ ավելի քան երեք հազար քաղաքացի դիմում է ստորագրել, որը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հանձնել են Շիշլիի վարչակազմի մշակութային և սոցիալական հարցերով բաժնի ղեկավարին:

Today’s Zaman-ը գրում է, որ Շիշլիի թաղապետարանում հանդիպումը կայացել է «Ակոս»-ի խմբագրապետի սպանության 9-րդ տարելիցի նախօրեին, նշելով, որ յուրաքանչյուր տարի Դինքի սպանության օրը Շիշլիում հարյուրավոր մարդիկ ցույցեր են անցկացնում՝ պարզելով նրա լուսանկարը և պաստառները, որոնց վրա գրված է՝ «Մենք բոլորս Դինք ենք, մենք բոլորս հայ ենք»:

Քրդամետ կուսակցության նախաձեռնությամբ կազմված 159-էջանոց դիմումը տեղական իշխանություններից պահանջում է փոխել փողոցների և վայրերի շովինիստական, ռասիստական, ազգայնական անվանումները և վերադարձնել դրանց հունական և հայկական անունները: Մասնավորապես, Ստամբուլի Քուրթուլուշ թաղամասը, որտեղ շատ հայեր և հույներ են ապրում, նախկինում հունական անվանումով կոչվել է Տատավիա:

Դիմումը ստորագրածների կարծիքով՝ Շիշլի թաղամասի հիմնական պողոտայի Էրգենեկոն անվանումը ազգայնական ուժեղ ենթատեքստ ունի․ ըստ ավանդույթի՝ Էրգենեկոնը թուրքերի բնօրրանն է: Թաղամասում մի շարք փողոցներ թուրք ազգայնականների անուններով են կոչվում, և շատերի կարծիքով՝ դրանում դիտավորություն կա, քանի որ այդ նույն թաղամասում ազգային փոքրամասնությունների շատ ընտանիքներ են ապրում:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատվիրակությունը նաև հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ, ուր, մասնավորապես, նշված է, որ անկախ ազգային պատկանելությունից՝ երկրի բոլոր քաղաքացիների հավասարությունը պետք է հարգվի: «Դժբախտաբար, 100 տարվա ընթացքում գերիշխել է մոնոլիտ ազգային պետության մտածելակերպը՝ առանց հաշվի առնելու տարբեր էթնիկ մշակութային և կրոնական խմբերին», - ասված է հայտարարությունում:

XS
SM
MD
LG