Մատչելիության հղումներ

Հանրապետական պատգամավորը մեկնաբանում է կոալիցիա կազմելու՝ Դաշնակցությանը արված առաջարկը:

Իշխող Հանրապետական կուսակցությունում (ՀՀԿ) հերքում են տեսակետը, թե ՀՅ Դաշնակցությանը առաջարկելով կոալիցիա կազմել՝ վարձահատույց են լինում դաշնակցականներին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին իրենց սատարելու համար:

Երկուշաբթի երեկոյան «Ազատություն» TV-ի եթերում հարցին, թե ինչո՞ւ որոշում կայացվեց կրկին կոալիցիա կազմել 2009 թվականին իշխող կոալիցիան լքած Դաշնակցության հետ, Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանեց․ - «Նախ, որևէ կոալիցիա, առնվազն՝ մեր համար, ինքնանպատակ չէ, և դրա մասին մենք բազմիցս խոսել ենք: Մենք այն քաղաքական ուժն ենք, որ բազմիցս նշել ենք, որ պատրաստ ենք իշխանությունը կիսել այն քաղաքական ուժերի հետ, ովքեր պատրաստ են ստանձնելու մեր պետության կառավարումը, ղեկավարումը, պատրաստ են կիսելու և՛ իրավունքները, և՛ պարտականությունները: Եվ այսօր էլ մեր դաշնակցական գործընկերները և նրանց ներկայացուցիչը նշեց, որ, այո, հրավեր եղել է, և իրենք քննարկել են այդ խնդիրը, և շատ ճիշտ պարզաբանում տվեց՝ խնդիրը կայանում է նրանում, որ սահմանադրական բարեփոխումների ժամանակ դաշնակցական մեր գործընկերները, լիովին կիսելով այդ տեսակետը, այդ մոտեցումը, այս գործընթացը, նախագահի կողմից այս նախաձեռնությունը, ինչու չէ՝ կարող են նաև կոալիցիա կազմել»:

Հակադարձելով այն տեսակետին, որ իշխող կուսակցությունը «վարձահատույց է լինում» Դաշնակցությանը սահմանադրական փոփոխությունները քրտնաջան պաշտպանելու համար, հանրապետական պատգամավորը հայտարարեց․ - «Սահմանադրական բարեփոխումները քրտնաջան պաշտպանել են մի շարք այլ քաղաքական ուժեր՝ ոչ միայն Հայ հեղափոխական դաշնակցությունը, այլ խնդիր է, որ սա Դաշնակցության կարծես թե տարիների պատկերացումն էր և մոտեցումն էր: Ավելի սկզբունքային և արմատական խնդիր էր դրված իրենց համար, և այդ 100 տոկոս համամասնական և խորհրդարանական կառավարման ձևը իրենց համար կարծես թե արմատական մոտեցում էր և, ինչու չէ, նաև գաղափարախոսության մի էլեմենտ էր»:

«Միայն Դաշնակցությունը չէ, որ պաշտպանել է Սահմանադրությունը, կան բազմաթիվ այլ քաղաքական ուժեր, ովքեր սատարել են սահմանադրական բարեփոխումները, և վարձահատույց լինելու որևէ խնդիր չկա», - վստահեցրեց Սահակյանը:

Հարցին էլ՝ հնարավո՞ր է, որ նույնպես սահմանադրական փոփոխությունները պաշտպանած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ևս նման առաջարկ արվի, իշխող կուսակցության ներկայացուցիչը արձագանքեց․ - «Ես քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, բայց այդ հրավերը անելու իրավունքը ինձ չի պատկանում, հետևաբար՝ վերջնական տեսակետ չեմ կարող հայտնել: Բայց այն քաղաքական ուժերը, ովքեր պատրաստ են կիսել այդ պատասխանատվությունը և մեր մոտեցումը և մեր պատկերացումները՝ կապված այս կառավարման ձևի և մոդելի հետ, ապա, ինչու չէ, կարող ենք քննարկել, և եթե կլինի ընդհանրական մոտեցում, կարող են նաև մասնակցել պետության կառավարման գործընթացին»:

XS
SM
MD
LG