Մատչելիության հղումներ

ԱՆ. Գրիպով պայմանավորված իրավիճակի կայունացման միտումը պահպանվում է


Երևանյան հիվանդանոցներից մեկում, հունվար, 2016թ.
Երևանյան հիվանդանոցներից մեկում, հունվար, 2016թ.

Վերջին երեք օրվա ընթացքում պահպանվում է գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման միտումը, փոխանցում է առողջապահության նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ արձանագրվում է թե՛ հիվանդանոցային, թե՛ առողջության առաջնային պահպանման օղակի դիմելիության, ինչպես նաև շտապօգնության կանչերի նվազում, գրեթե չկա ծանր դեպքերի նոր դիմելիություն։

Գրիպով և սուր շնչառական վարակներով մեծաթիվ հիվանդներ առողջացմամբ դուրս են գրվում, վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների մեծ մասը տեղափոխվել է սոմատիկ բաժանմունքների հիվանդասենյակներ։

Այսօր երկրի հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 234 քաղաքացի։ Նրանցից 108-ը մինչև 18 տարեկան են։ 100-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 41-ը` երեխաներ։

Հանրապետության ծննդօգնության բժշկական ստացիոնարներում բուժում է ստանում 100 հղի և ծննդկան, 36-ի մոտ` թոքաբորբ։ Երեխաների և հղիների շրջանում ծանր հիվանդներ չկան:

Հերթական շրջայցից հետո առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը նշել է, որ հունվարի 18-ի դրությամբ շուրջ 30 տոկոսով նվազել է հղիների շրջանում հիվանդացությունը: Նրա խոսքով` իրականացված լայնածավալ միջոցառումների շնորհիվ, այսօրվա դրությամբ երկրի ծննդօգնության որևէ հիմնարկում չկա արհեստական շնչառության սարքին միացված հղի կին:

«Այնուամենայնիվ, հաշվի առնելով հարևան երկրներում հիվանդացության լայն տարածվածությունը, բնակչության ակտիվ տեղաշարժը և այն հանգամանքը, որ դեռևս գտնվում ենք գրիպի սեզոնի մեջ, հորդորում ենք չթուլացնել զգոնությունը։ Գրիպից և սուր շնդառական վարակներից խուսափելու նպատակով հորդորում ենք ականջալուր լինել բժիշկների խորհուրդներին, չշփվել հիվանդների հետ, հիվանդանալու դեպքում մնալ տանը, ստանալ պատշաճ մասնագիտական բժշկական օգնություն, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չընդունել հակաբիոտիկներ», - ասված է առողջապահության նախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG