Մատչելիության հղումներ

Աբխազիան միանում է Թուրքիայի դեմ Ռուսաստանի պատժամիջոցներին


Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի համայնապատկեր, արխիվ

Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի համայնապատկեր, արխիվ

Աբխազական պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից:

Աբխազիան պաշտոնապես միանում է Ռուսաստանի Դաշնության կողմից Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցներին:

Աբխազիայի վարչապետի` երեկ հրապարակված հատուկ հրահանգում հստակեցվում է մարտի 1-ից ուժի մեջ մտնող պատժամիջոցների ցանկը: Դրանցով թուրքական ընկերություններին արգելվում է մասնակցել այն ենթակառուցվածքային ծրագրերի իրագործմանը, որոնց ֆինանսավորումն իրականացվում է Ռուսաստանի կողմից: Բացի այդ, արգելվում է թուրքական ձկնեղենի, բանջարեղենի և մրգերի ներկրումը Աբխազիայի տարածք:

Թուրքիայի դեմ ռուսական պատժամիջոցներին միանալու մասին սկզբունքային որոշումը Աբխազիայի կառավարությունը կայացրեց դեռ հունվարի 11-ին: Այն ժամանակ Աբխազիայի փոխվարչապետ Դմիտրի Սերիկովը հայտարարում էր․ - «Մենք միանում ենք Թուրքիայի դեմ կիրառվող ռուսական պատժամիջոցներին: Այս քայլը նախևառաջ բխում է Ռուսաստանի և Աբխազիայի միջև [2014 թվականին] կնքված ռազմավարական և դաշնակցային համագործակցության մասին պայմանագրի դրույթներից»:

Աբխազիայի քաղաքական դաշտում, սակայն, կառավարության որոշման հանդեպ վերաբերմունքն այնքան էլ միանշանակ չէ: Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Բեսլան Ցվինարիան համոզված է` պաշտոնական Սուխումին իզուր է նման արագությամբ միանում Մոսկվայի նախաձեռնած հակաթուրքական պատժամիջոցներին:

«Իմ կարծիքով՝ շատ հապշտապ որոշում էր, որը նախևառաջ հարվածում է Թուրքիայում ապրող աբխազական համայնքի ներկայացուցիչներին: Բացի այդ, Աբխազիան լայնորեն ճանաչված պետություն չէ, և եթե այս կամ այն պետության դրական տրամադրվածությունը ապահովելու հնարավորություն կա` ի վերջո ճանաչման հասնելով, դա հարկավոր է անել: Այս առումով ինձ մի պահ թվում էր, որ Թուրքիան նման պետությունների շարքում է: Ինձ իրապես թվում էր, որ հաշվի առնելով աբխազական սփյուռքի առկայությունը՝ Թուրքիայի հետ հնարավոր կլիներ ինչ-որ կապեր հաստատել, գուցե նրանք անգամ քննարկեին Աբխազիայի կարգավիճակի հարցը: Այնպես որ, կարծում եմ, Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելն այնքան էլ ճիշտ չէր», - հայտարարում է աբխազ պատգամավորը:

Հավելենք, որ Աբխազիան և Թուրքիան, չնայած պաշտոնական կապերի բացակայությանը, մասնավոր բիզնեսի մակարդակով բավական ակտիվ երկկողմ առևտուր են իրականացնում: Դրա ծավալը միայն 2015 թվականի առաջին 10 ամիսներին հասնում էր 2.5 միլիարդ ռուսական ռուբլու:

XS
SM
MD
LG