Մատչելիության հղումներ

logo-print

«Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից ինը տարի անց՝ այսօր Երևանում մի խումբ ակտիվիստներ դիմեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանին` մայրաքաղաքի փողոցներից մեկը պոլսահայ հրապարակախոսի անունով կոչելու առաջարկով։

Ստորագրահավաքի կազմակերպիչ «Նոր զարթոնք» նախաձեռնության անդամ, պոլսահայ Նշան Գյուրեհը «Ազատության» հետ զրույցում կարևորեց, որ Դինքին Երևանում հիշում են։

«Հայաստանը հիշում է քեզ» կարգախոսին միացել էին նաև Հայաստանում ապրող քրդեր։ «Զագրոս» քրդական թերթի լրագրող Հարուն Հևին տարիներ առաջ Թուրքիայից Հայաստան է տեղափոխվել։

«Հրանտը հայերի, թուրքերի, քրդերի միասնության ոգին էր։ Գոնե Հայաստանում նրա մասին պետք է պատմեին։ Օրինակ, փողոցում շատերը նրան չեն ճանաչում, գիտեն, որ նրան սպանել են, համարում են, որ դա սովորական երևույթ է, քանի որ թուրքական պետության գործն է՝ օսմանյան շրջանից մնացած ավանդույթ։ Մենք՝ որպես Հրանտի հետևորդներ, չպետք է մոռանանք նրան, քանզի Հրանտին մոռանալով մենք էլ ենք մոռացվում»,- ասաց նա։

Հավաքվածները քաղաքապետարանից երթով քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ Դինքի հիշատակին նվիրված մոմավառություն տեղի ունեցավ։

Ոճրագործությունից ինը տարի անց այսօր նաև Ստամբուլում են հարյուրավոր մարդիկ կրկին փողոց դուրս եկել «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Ուս ուսի ընդդեմ ֆաշիզմի», «Հրանտի համար, արդարության համար» կարգախոսներով։ Սպանության իրական մեղավորներին բացահայտելու պահանջով ցուցարարները հավաքվել են Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում, ապա շարժվել «Ակոս»-ի խմբագրատան նախկին շենքի ուղղությամբ, որի դիմաց սպանվեց Դինքը։

Դինքի սպանության գործը մինչ օրս ամբողջությամբ չի բացահայտվել, չնայած մարդասպանը հայտնաբերվել և դատապարտվել է։ Դինքի ընտանիքն ու նրա իրավունքների պաշտպանությունը ստանձնած փաստաբանները շարունակում են պնդել, որ սպանությունը նախապես ծրագրավորված է եղել հանցավոր խմբավորման կողմից։ Անցած տարի գործը նոր ընթացք ստացավ, երբ մեղադրանք առաջադրվեց պատկան մարմինների 26 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Ստամբուլի նախկին ոստիկանապետին, հետախուզական վարչության նախկին ղեկավարին և այլոց։

Սպանության պատվիրատուներին բացահայտելու պահանջով այսօր Թուրքիայի իշխանություններին է դիմել նաև ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ հույս հայտնելով, որ դատաքննության վերջին զարգացումները կօգնեն հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել հանցագործության հետևում կանգնած մարդկանց։

Դինքի սպանության գործով հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 4-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG