Մատչելիության հղումներ

«Սառը պատերազմ» Կադիրովի և Ռուսաստանի լիբերալ ընդդիմության միջև


Չեչնիայի բարձրագույն ղեկավարությունը

Չեչնիայի բարձրագույն ղեկավարությունը

Վերջին օրերին ռուսական ինտերնետի ամենաքննարկվող թեմաներից մեկը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի և Ռուսաստանի լիբերալ ընդդիմության միջև ծագած «սառը պատերազմն» է։

Կադիրովը Ռուսաստանի լիբերալներին, այդ թվում նաև «Էխո Մոսկվի» ռադիոկայանի և «Դոժդ» հեռուստաընկերության լրագրողներին կոչել է ազգի թշնամիներ, իսկ նրանք, ի պատասխան, սոցիալական ցանցերում Կադիրովի դեմ արշավ են սկսել։

Անցյալ շաբաթ Կադիրովը կոչ էր արել Պուտինի ընդդիմախոսների հետ հաշվեհարդար տեսնել՝ համեմատելով նրանց դավաճանների ու ազգի թշնամիների հետ, ովքեր «ուզում են օգտվել Ռուսաստանի տնտեսության ծանր վիճակից»։ Կրասնոյարսկի պատգամավոր Կոնստանտին Սենչենկոն ի պատասխան հայտարարել է, որ «Կադիրովը թարգմանաբար Ռուսաստանի խայտառակությունն է»։ Մեկ օր անց, սակայն, Սենչենկոն որոշ չեչենների ճնշման ներքո ներողություն է խնդրել Կադիրովից, իսկ Չեչնայի ղեկավարը սոցիալական ցանցում հրապարակել է ներողություն խնդրելու տեսահոլովը, ինչն ավելի է զայրացրել Ռուսաստանի լիբերալ հասարակությանը։

Իր ղեկավարի օրինակին է հետևել նաև Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը, ով ընդդիմադիր լրատվամիջոցներին անվանել է «հինգերորդ շարասյան գրասենյակներ»։

Ռուսաստանի լրագրողների միության ղեկավար Պավել Գուսևը կոչ է արել Ռուսաստանի ղեկավարությանը միջամտել և գնահատական տալ Կադիրովի այս քայլերին և վերջ տալ ընդդիմադիր լրագրողների դեմ արշավին, որ սկսել են Չեչնիայի ղեկավարները։ Գուսևն «Ինտերֆաքս»-ին ասել է, որ նման գնահատական պետք է նախ և առաջ տան Ռուսաստանի գլխավոր դատախազությունն ու Քննչական կոմիտեն։

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը նկատում է, որ Չեչնիայի ղեկավարության այս պահվածքը նաև այն պատճառով է, որ ռադիոկայանի լրագրողները Բորիս Նեմցովի սպանության առնչությամբ Չեչնիայի ղեկավարության համար շատ անհարմար հարցեր են բարձրացնում։

Ոչ լիբերալ հասարակությունը, ոչ էլ Չեչնիայի ղեկավարությունը չեն պատրաստվում նահանջել այս պատերազմում։ Ռամզան Կադիրովը նույնիսկ հոդված է պատրաստել «Իզվեստիա» թերթում, որում գրել է. - «Այդ շները, այսինքն՝ լիբերալները Ռուսաստանի մտավորականության անունից խոսելու իրավունք չունեն, և նրանց հետ պետք չէ երկխոսության մեջ մտնել։ Ռուսաստանի ժողովուրդն ունի իր գլխավոր պաշտպանին՝ ի դեմս Վլադիմիր Պուտինի»։ Կադիրովը հավելել է, որ անձամբ ինքը պատրաստ է կատարել Պուտինի ցանկացած, նույնիսկ ամենաբարդ հրամանը։

«Նովայա գազետա» թերթի լրագրող Ելենա Միլաշինան ասում է, որ վերջին տասը տարիներին Չեչնիայում ձևավորվել է միջնադարյան մահմեդական մի խանություն։

«Այսպես կոչված պետություն պետության մեջ, որի մասին ռուսաստանցիները շատ քիչ բան գիտեին, և այսօր, երբ որոշ տեղեկություն արդեն կա, մարդկանց աչքերը բացվում են, և նրանք զարմացած են, թե ինչ է կատարվում Ռուսաստանի դե յուրե մաս կազմող Չեչնիայում»,- ասել է լրագրողը։

Ո՛չ Ռուսաստանի ղեկավարությունը, ո՛չ այսպես կոչված համակարգային ընդդիմությունը որևէ ձևով մինչ օրս չեն արձագանքել այս պատերազմին։ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը ստիպված է եղել պատասխանել լրագրողների հարցերին և ընդամենն ասել է, թե ստեղծված իրավիճակը հաճելի չէ։ Արձագանքել է միայն Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Էլլա Պամֆիլովան. Նա Կադիրովի հայտարարությունը անօրինական է համարել։

Չեչնիայի ղեկավարությունն այս ամենի ֆոնին որոշել է հունվարի 22-ին Գրոզնիում Կադիրովի աջակիցների մարդաշատ հանրահավաք կազմակերպել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG