Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանն ասում է՝ Երևանի պատմական շենքը քանդվել է մայթի լայնացման համար


Արամի 30 հասցեի պատմական շենքը քանդվել է մայթը լայնացնելու համար, պնդում է Երևանի քաղաքապետարանը՝ վստահեցնելով, որ կառույցի տեղում այլ շինություն վեր չի խոյանալու: Այսօր տարածած հաղորդագրությամբ քաղաքային իշխանությունները որպես հանրային գերակա շահ ճանաչված տարածք մատնացույց են անում միայն Արամի 30 հասցեի հարևան հատվածները:

Ավագանու ընդդիմադիր անդամ Անահիտ Բախշյանը շենքը քանդելու իրավական հիմքերի պահանջով այսօր դիմել է Տարոն Մարգարյանին. մայթն ընդլայնելու պատճառաբանությունը «Բարև Երևան» խմբակցությանը չի համոզել։

«Եթե էդպես է, քաղաքապետարանը նախապես շատ գեղեցիկ իր կայքում կդներ, որ «էսպիսի գոտիավորման պատճառով էս տարածքը պիտի լայնացնենք, էս պիտի անենք, էն պիտի անենք, ժողովո՛ւրդ, անակնկալի չգաք»։ Կարող էր դա շրջափակել, պաստառներ կպցնել, եթե անգամ չէր հայտարարում, այսինքն գաղտագողի չաներ, եթե էսպիսի անմեղ նպատակ է հետապնդում»,- ասաց ավագանու անդամը։

Անահիտ Բախշյանը հիշում է տարիներ առաջ լրատվամիջոցների ձեռքի տակ հայտնված բարձրահարկ հյուրանոցի նախագիծը, որում, սակայն, շուրջ 150-ամյա շենքի դիմապատը պահպանված էր, բացի այդ, եթե անգամ պատճառը միայն մայթի լայնացումն է, արդյոք դրա գինը պետք է լիներ պատմական կառույցը։

«Մենք ունենք իսկապես Երևանը սիրող լավ ճարտարապետներ, որոնք կլուծեին այդ խնդիրը, եթե քաղաքապետարանն ասեր՝ գիտես, էստեղ էսպիսի խնդիր ունենք։ Հին շենքը կմնար։ Մոտենում ենք Երևանի 2800-ամյակին, բայց որևէ հնություն, որը կասեր, որ 100 տարի առաջ Երևանում քաղաքակրթություն է եղել, վերացնում են բարբարոսաբար»,- ասաց Բախշյանը։

Մայթը լայնացնելու պատճառաբանությունը շենքի փրկության համար պայքարող շարժումը առաջին անգամը չէ, որ լսում է։ Արփինե Զարգարյանը հյուրանոցի նախագծի վրա տեսել էր՝ Արամի 30 հասցեն ծառայելու է որպես նորակառույցի մուտք։

«Մայթ է պետք է հյուրանոցի համար։ Աֆրիկյանների շենքի ժամանակ էլ ասացին, որ պիտի փողոցը լայնացնեն, որ հիմա տեսնում ենք դե ֆակտո, որ փողոցը ավելի է նեղացել»,- նկատեց Զարգարյանը։

Քաղաքաշինության նախարարությունը, որ այժմ ղեկավարում է Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, առայժմ չի արձագանքում, թե արդյոք իսկապես այլ շենք նախատեսված չէ այդ հասցեում կառուցել։ Փոխնախարար Արմեն Ղուլարյանը «Ազատության» հետ զրույցում սլաքները դեպի քաղաքապետարան էր ուղղում։

«Դուք քաղաքապետարան պետք է դիմեք, հարգելի՛ս, քաղաքաշինության նախարարը բոլոր բաների համար էլ պատասխանատու է և իրա գործը լավ էլ կատարում է»,- ասաց պաշտոնյան՝ հավելելով, թե «տեղյակ չէ»՝ տեղում հյուրանոց կառուցվելու է, թե՝ ոչ։

Ինչ կկառուցվի այստեղ՝ Արփինե Զարգարյանին էլ չի հետաքրքրում, բազմահարկը կլինի ոչ առաջինը, ոչ վերջինը, տուֆակերտ շենքն էլ չկա, մի դուռ էլ փակվեց զբոսաշրջիկների առջև.- «Էդտեղ էին ուզում կառուցել և Արամի 30-ը խանգարում էր նախագծի իրականացմանը։ Շենքը ոչ վտանգված էր, ոչ վտանգում էր տարածքի մյուս շինություններին, ոչ տգեղ տեսք ուներ, ոչ «կռիսանոց» էր դարձել, ոնց որ ասում էին... Քաղաքը կորցնում է իր պատմական բոլոր շերտերը, դառնում է ապակեպատ ինչ-որ շինություն։ Որևէ տրամաբանություն չկա X նախագծի և իր հարևան նոր նախագծի միջև»։

«Ջահելների ջանքերը, գիշեր-ցերեկ պայքարը մի գիշերում գաղտագողի հավասարեցրին հողին»,- գնահատում է Անահիտ Բախշյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG