Մատչելիության հղումներ

Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը «մնում է ԵՄ առաջնահերթությունը»


Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորհրդի հերթական նիստի ժամանակ, 18-ը հունվարի, 2016թ.

Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորհրդի հերթական նիստի ժամանակ, 18-ը հունվարի, 2016թ.

Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ՀՀ համագործակցության խորհրդի նիստին անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին։

Երկուշաբթի օրը Բրյուսելում տեղի է ունեցել Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորհրդի հերթական նիստը, որտեղ անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին, հակամարտության կարգավորման հեռանկարներին։

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերս, արխիվ

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերս, արխիվ

Եվրամիության խորհուրդը նախագահող Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսն ասել է, որ Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է Եվրամիության առաջնահերթությունը, և որ ստատուս քվոյի պահպանումը անընդունելի է։

Կունդերսն ասել է, որ քննարկվել է նաև սահմանային միջադեպերի վերահսկման մեխանիզմների հարցը՝ նշելով, որ շփման գծի և Հայաստանի սահմանների իրավիճակը լուրջ մտահոգությունների խնդիր է մնում։

Եվրամիությունը նորից զսպվածության կոչ է անում, վերահաստատում է աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին։ Եվրամիությունը նաև Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ նախագահների մակարդակով։

Եվրամիությունը հաստատել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղ գործընթացի ջանքերին, ինչպես նաև օգնություն ցուցաբերել հակամարտությունից տուժած շրջանների վերականգնմանը և վերակառուցմանը՝ խաղաղության համաձայնագիրը ձեռք բերվելուց հետո։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խորհրդի նիստին համառոտ ներկայացրել է Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, անցյալ տարեվերջին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները։

Նա ասել է, որ անցյալ տարի Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները զգալի աճել են, օգտագործվել է ծանր զինտեխնիկա, ինչը բազմաթիվ մարդկային կորուստների պատճառ է դարձել։

Նալբանդյանն ասել է, թե Մինսկի խմբի համանախագահները հասցեական կոչեր են հղել Ադրբեջանին՝ կոչ անելով զսպվածություն ցուցաբերել, հարգել հրադադարի համաձայնագիրը, հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունները, չխոչընդոտել բանակցային գործընթացը, համաձայնել շփման գծում և սահմանին հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը։

Նալբանդյանը վստահեցրել է, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու է համատեղ ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ կարգավորելու համար։

Ինչ վերաբերում է Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին, որոնք, հիշեցնենք, ըստ էության, վերանայվում էին այն բանից հետո, երբ Հայաստանը հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը և միացավ Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը, ապա Բրյուսելում երեկ կայացած նիստին կողմերը ողջունել են Հայաստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի բանակցությունների մեկնարկը, որոնց սկիզբ դրվեց անցյալ տարի։

Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ նոր համաձայնագիրը փոխշահավետ համագործակցության համար կսահմանի նոր ուղենիշներ։

Կողմերը վերահաստատել են իրենց միասնական հանձնառությունը՝ ամրապնդել ու խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում, ինչը հնարավոր է համատեղել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պարտավորությունների հետ:

Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորհրդի նիստի մասին մամուլի հաղորդագրությունում նշված է, որ Եվրամիությունը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին, այդ թվում՝ վիզային ռեժիմը դյուրացնելու համաձայնագիրը իրականացնելու ուղղությամբ, և Հայաստանին կոչ է արել լավագույնս օգտագործել Եվրամիության կողմից 2014-17 թվականների ընթացքում տրամադրվող 140-170 միլիոն եվրոն՝ ուշադրության տակ պահելով մասնավոր սեկտորի զարգացումը, հանրային կառավարման և արդարադատության ոլորտների բարեփոխումները:

XS
SM
MD
LG