Մատչելիության հղումներ

Ֆրանսիան պատրաստվում է վերանայել երկրի սոցիալ-տնտեսական մոդելը


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ, արխիվ

Երկրի նախագահը հայտարարել է, որ տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում է։

Ֆրանսիան պատրաստվում է վերանայել երկրի սոցիալ-տնտեսական մոդելը։ Ներկայումս ֆրանսիական տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ելույթ ունենալով Փարիզում գործարարների հետ հանդիպմանը։

«Անցյալ տարվա ահաբեկչական սպառնալիքների պատճառով մենք ստիպված եղանք երկրում արտակարգ դրություն հայտարարել։ Սակայն համաշխարհային խառնաշփոթի և սոցիալ-տնտեսական իրավիճակի անորոշության պայմաններում տեղին է խոսել նաև տնտեսությունում առկա արտակարգ իրավիճակի մասին», - ասել է Օլանդը՝ հավելելով. - «Զբաղվածությունն ամենակարևոր հարցն է Ֆրանսիայի քաղաքացիների անվտանգության հարցերից հետո»։

Ֆրանսիայի նախագահը խոստացել է 2 միլիարդ եվրո հատկացնել երկրում գործազրկության դեմ պայքարելու նպատակով։

Ֆրանսիայում գործազրկությունը կազմում է 10.6 տոկոս՝ շուրջ 3 միլիոն 600 հազար մարդ։ Համեմատության համար՝ Գերմանիայում գործազրկության ցուցանիշը 4.2 տոկոս է, իսկ ամբողջ Եվրամիության տարածքում՝ միջինը 9.8 տոկոս։

«Տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ քայլերը ոչ թե հարկերի բարձրացման հաշվին, այլ բյուջետային և այլ ծախսերի կրճատման հաշվին կիրականացվեն», - պարզաբանել է Օլանդը։

Համաձայն նոր պլանի, ֆրանսիական կառավարությունը խոստանում է խթանել մեկուկես միլիոն աշխատողների պատրաստվածության, կրթության և որակավորման մակարդակի բարձրացումը։

Կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի ֆրանսիական առնվազն 200 աշխատակից ունեցող այնպիսի ընկերությունների, որոնք աշխատանքով կապահովեն երիտասարդ կամ կես տարուց ավելի աշխատանք փնտրող գործազուրկ անձանց։

Ֆրանսիական մամուլը Օլանդի այս նախաձեռնությունը որակում է «սեփական վարկանիշը նորոգելուն ուղղված քայլ»։

Անցյալ դեկտեմբերին, հիշեցնենք, Օլանդի Սոցիալիստական կուսակցությունը շրջանային ընտրություններում իր դիրքերը զիջել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կուսակցությանը։ Ֆրանսիայի ղեկավարի վարկանիշը երկար ժամանակ չի հատում 30 տոկոսի շեմը։

Le Monde պարբերականը Օլանդի վերջին ելույթը որակում է «վերջին մարտ»։ «Այն որոշիչ կլինի նրա երկրորդ անգամ առաջադրվելու հարցի համար», - գրում է թերթը։

Le Figaro-ն էլ գրում է, որ ֆրանսիայի նախագահն իր հերթական բարի մտադրություններն է ներկայացրել և ինչպես միշտ՝ այս անգամ էլ չի հաջողվելու այն իրականացնել։

XS
SM
MD
LG