Մատչելիության հղումներ

Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի նիստը


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Հայաստանի պատվիրակությունը` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, հունվարի 18-ին Բրյուսելում մասնակցել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստին։

Արտգործնախարարության փոխանցմամբ՝ Եվրոպական միության պատվիրակությունը գլխավորել են ԵՄ խորհրդի նախագահությունը ներկայացնող Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսը և Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Հայաստանի պատվիրակության կազմում էին ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։ Նիստը նախագահել է Էդվարդ Նալբանդյանը։

Ըստ հաղորդագրության, քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը՝ քաղաքական երկխոսության, հարաբերությունների ապագա իրավական հիմքի շուրջ անցյալ տարեվերջին մեկնարկած բանակցությունների, շարժունակության, մարդու իրավունքների, տնտեսական բարեփոխումների, ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանն առնչվող հարցերը։

«2015 թվականն առանձնահատուկ տարի էր Հայաստան-ԵՄ համագործակցության համար: Մենք ականատես եղանք բարձր մակարդակի այցելությունների, ինտենսիվ և կառուցողական երկխոսության, երկկողմ հանդիպումների, տարբեր ոլորտներում Հայաստան-ԵՄ համաձայնագրերի վերաբերյալ բանակցությունների: Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր իրավական շրջանակի բանակցությունների նախորդ ամսվա մեկնարկը մեր հարաբերություններում նոր էջ է: Հավատացած ենք, որ նոր համաձայնագիրը կարտացոլի մեր երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը և փոխշահավետ համագործակցության համար կսահմանի նոր ուղենիշներ», - ասել է Նալբանդյանը:

Արտգործնախարարը վերահաստատել է Հայաստանի հաստատակամությունը՝ խորացնելու Եվրոպական միության հետ տարբեր ոլորտներում և ուղղություններով համապարփակ համագործակցությունը` հիմնվելով վերջին տարիների ձեռքբերումների վրա, հաշվի առնելով Հայաստանի պարտավորություններն այլ միջազգային, ինտեգրացիոն ձևաչափերում։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ հետ գործակցության առաջնահերթությունների շարքում են շարժունակությունը, մարդկային շփումների խթանումը։ Այս համատեքստում Նալբանդյանը նշել է, որ 2014 թվականի հունվարին ուժի մեջ մտած ԵՄ - Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը ճանապարհ են հարթում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ գործընթացի մեկնարկը, ինչը հնարավորություն կտա ապագայում հասնել Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացմանը:

Էդվարդ Նալբանդյանը կարևորել է նաև Գործընկերության և համագործակցության համաձայնագրին կից` կողմերի միջև ստորագրված Արձանագրության ուժի մեջ մտնելը, որով Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ ծրագրերի լայն շրջանակի և համագործակցել ԵՄ տարբեր գործակալությունների հետ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Խորհրդին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ողջ աշխարհում տեղի ունեցած միջոցառումները և դրանց խորհուրդը, շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդարանին, ԵՄ երկրներին` Ցեղասպանության հարցում նրանց սկզբունքային մոտեցման համար:

Նալբանդյանը տեղեկացրել է ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերում Հայաստանի ակտիվ ներգրավվածության վերաբերյալ և երախտագիտություն հայտնել ԵՄ երկրներին` ՄԱԿ-ի ձևաչափերում հայկական նախաձեռնություններին սատարելու համար։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ գործողությունների հետևանքով Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստան - Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը:

«Անցյալ տարի արձանագրվեց Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտումների զգալի աճ, այդ թվում` ծանր զինատեսակների օգտագործմամբ, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հասցեական կոչեր հղեցին Ադրբեջանին՝ զսպվածություն ցուցաբերել, հարգել հրադադարի համաձայնագիրը, հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությունները, չխոչընդոտել բանակցային գործընթացը, համաձայնել շփման գծում և սահմանին հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Նալբանդյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է համատեղ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։

Խորհրդի նիստի օրակարգում էին նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

Նիստից հետո տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Բերտ Կունդերսի համատեղ մամլո ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG