Մատչելիության հղումներ

Իրանագետ. Պետք է հնարավորինս արագ «Հյուսիս-հարավ»-ի կառուցումը հասցնել ավարտին


Ըստ Վարդան Ոսկանյանի, Իրանը դիտարկում է Հայաստանը որպես կարևորագույն գործընկեր իր համար դեպի հյուսիս միջանցք ապահովելու առումով։

Իրանը քաղաքական իմաստով արդեն իսկ վերադարձել էր տարածաշրջան` Մերձավոր Արևելք, Հարավային Կովկաս, հիմա՝ միջազգային պատժամիջոցները չեղյալ հայտարարելուց հետո, վերադառնալու է տարածաշրջան նաև տնտեսական իմաստով։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Հարցին, թե տնտեսապես ի՞նչ կարող է տալ Իրանը Հայաստանին, Ոսկանյանը պատասխանեց. - «Դատելով իրանական արձագանքներից և իրանական քայլերից և նաև հայկական կողմից իրականացված քայլերից, որոնք անմիջապես ակտիվացան Վիեննայում համաձայնագրի կնքման գործընթացն ավարտին հասցնելուց հետո՝ ամառվանից անցյալ տարվա, մենք ունենք բավական լավ հնարավորություններ, և իրանական կողմը դիտարկում է Հայաստանը որպես կարևորագույն գործընկեր իր համար դեպի Սև ծով, դեպի հյուսիս ընդհանրապես միջանցք ապահովելու առումով, և նաև, ինչու չէ, Հայաստանը դիտարկվում է որպես Եվրասիական տնտեսական միության կարևորագույն անդամ, որը բացառիկ երկիր է՝ ցամաքային սահման ունենալու իմաստով Իրանի հետ, և մենք ունենք լայն հնարավորություններ այս ամենը օգտագործելու»։

Հարցին էլ՝ Հայաստանը պատրա՞ստ է ճիշտ արձագանքել՝ հնարավորինս շատ օգուտներ քաղելու համար, իրանագետն այսպես արձագանքեց. - «Արդեն իսկ որոշակի արձագանքներ կան. ակտիվացել են աշխատանքները Հայաստան-Իրան երկաթուղու ֆինանսավորման խնդրով։ Գիտեք, Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը Չինաստան շատ դեպքերում նաև նպատակ էր հետապնդում ապահովել ֆինանսական աղբյուրներ այս ծրագրի համար։ Հայաստանը զգալիորեն, ինչքանով որ ես տեղյակ եմ, ակտիվացրել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի այս գործընթացը, որը, ցավոք սրտի, տարիներ շարունակ ձգձգվեց, և ես կարծում եմ, որ պետք է հնարավորինս արագ այս ճանապարհը հասցնել ավարտին, որովհետև Իրանը ունի խնդիրներ՝ կապված Թուրքիայի ճանապարհով ցամաքային բեռնափոխադրումներ իրականացնելու հետ, և Իրանը ակնհայտորեն չունի ցանկություն դրանք իրականացնել Ադրբեջանի տարածքով»:

«Հետևաբար մենք ունենք լավ հնարավորություններ՝ հաշվի առնելով Հայաստան-Իրան քաղաքական հարաբերությունների գերազանց մակարդակը, տնտեսական դաշտում արագ կերպով հասնելու այն բացթողումների վերացմանը, որոնք առկա են եղել այս տարիների ընթացքում՝ Հայաստանի անկախությունից ի վեր», - ընդգծեց իրանագետը:

XS
SM
MD
LG