Մատչելիության հղումներ

Ճգնաժամը հաղթահարելու համար Ադրբեջանը որոշել է գնալ մասնավորեցման ճանապարհով


Փակ առևտրի կենտրոն Բաքվում, 18-ը հունվարի, 2016թ.

Փակ առևտրի կենտրոն Բաքվում, 18-ը հունվարի, 2016թ.

Իսկ մինչ այդ, երկրում ֆինանսական ճգնաժամով պայմանավորված բողոքի ալիքը չի մարում։

Ադրբեջանում ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով իշխանությունները բռնում են մասնավորեցման ուղին։ Այս մասին այսօր հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ նախարարների կաբինետի անդամների հետ հանդիպման ընթացքում։

Ալիևը միջազգային փորձագետների մասնակցությամբ մասնավորեցման ծրագիր մշակելու հանձնարարություն է տվել։ Ծրագիրը, որը ենթադրում է տեղացի և արտասահմանցի ներդրողների ներգրավում, պետք է բարելավի գործարար միջավայրն ու տնտեսական աշխուժություն ստեղծի։

Փորձագետների գնահատմամբ՝ նավթի համաշխարհային շուկայում գների շարունակական անկումից ամենաշատը տուժած երկրներից մեկը հենց նավթով հարուստ Ադրբեջանն է, որտեղ ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը հանգեցրել է սննդամթերքի սրընթաց գնաճի, աշխատատեղերի զանգվածային կրճատումների, ինչն էլ երկրում աննախադեպ բողոքի ալիք է բարձրացրել։ Չնայած ստեղծված իրավիճակին, Ալիևը համաձայն չէ Ադրբեջանում առկա լուրջ ֆինանսական ճգնաժամի մասին պնդումներին։

«Ադրբեջանը ավելի քիչ կորուստներ է կրել, քան մյուս նավթային երկրները»,- հայտարարել է նա։ Ալիևը նաև հավաստիացրել է, թե Ադրբեջանը հեշտությամբ է հաղթահարում դժվարությունները՝ կարևորելով երկրում հիմնովին բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությունը։ «Քայլեր են ձեռնարկվում կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ, պետական ոչ պետքական կառույցները կա՛մ պետք է միավորվեն, կա՛մ վերացվեն»,- նաև ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Ալիևի խոսքով՝ առաջարկներ են մշակվում նաև արժութային շուկան կարգավորելու ուղղությամբ։ Սակայն, ինչպես պարզ է դառնում Ադրբեջանի նախագահի ելույթից, իշխանությունները ստեղծված իրավիճակը հաղթահարելու հիմնական ելքը մասնավորեցման մեջ են տեսնում։

«Թուրան» գործակալությունը փորձել է պարզել, թե որ ոլորտներն են սեփականաշնորհման ենթակա։ «Էլեկտրաէներգիայի, կոմունալ ծառայությունների, շինարարության, ծովային տրանսպորտի և հեռահաղորդակցության ոլորտները», - գործակալությանը ասել է տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին։ Ադրբեջանցի տնտեսագետը, սակայն, կասկածում է, թե արտասահմանյան ներդրողները հետաքրքրություն կդրսևորեն Ադրբեջանում մասնավորեցման գործընթացների նկատմամբ՝ հաշվի առնելով երկրում դատական անկախ համակարգի, ակտիվ քաղաքացիական հասարակության, ազատ լրատվական դաշտի բացակայությունը և կոռուպցիայի առկայությունը։

Մինչդեռ Ալիևի վարչակազմի պնդմամբ՝ աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից մեկը անտարակույս կշարունակի լինել Ադրբեջանը։ Ալիևն իր այսօրվա ելույթում հավաստիացրել է, թե 2016-ին Ադրբեջանը տնտեսական զարգացման հետ կապված որևէ խնդիր չի ունենա։

Իսկ մինչ այդ, երկրում ֆինանսական ճգնաժամով պայմանավորված բողոքի ալիքը չի մարում։ Այսօր առավոտյան էլ փողոց է դուրս եկել Ջալիլաբադի բնակչությունը։ Բաքվից 211 կիլոմետր հարավ գտնվող այդ քաղաքում խաղաղ ցույցի հարյուրավոր մասնակիցներ բողոքում են գործազրկության, գնաճի դեմ, միևնույն ժամանակ պահանջում հասցեական սոցիալական օգնություն։ Իրենց պահանջները չկատարելու դեպքում ցուցարարները սպառնում են փակել մայրաքաղաք տանող ճանապարհը։ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչները ցուցարարներին խոստացել են լուծել խնդիրը։ Սակայն ցուցարարները չեն ցրվել, և չնայած շրջանային վարչակազմի շենքի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված՝ ցույցը շարունակվում է։

Այսօր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Ադրբեջանի ամենամեծ առևտրային կենտրոններից մեկում՝ Բինայում, որտեղ երկուշաբթի օրը խանութներն այդպես էլ չեն բացվել։ Փակ պահելով իրենց վաճառակետերը՝ առևտրականները դժգոհություն են հայտնել վարձակալության բարձր գների դեմ։ Մի քանի ամիս առաջ այստեղ խանութի վարձակալության միջին գինը կազմում էր 100 մանաթ. Ադրբեջանի ազգային արժույթի արժեզրկման առաջին փուլում վարձերը բարձրացվել են մինչև 500 մանաթ, իսկ վերջին՝ կտրուկ արժեզրկումից հետո՝ 1000-1500 մանաթ։

«Այսօր մեր առևտուրը կազմում է առավելագույնը 100-150 մանաթ։ Բացի այդ, դադարեցվել է Չինաստանից և Թուրքիայից ապրանքների ներկրումը, գները աճել են և ոչինչ չի վաճառվում»,- պարզաբանել է առևտրականներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG