Մատչելիության հղումներ

Կիրակի խոզի գրիպից երկու մարդ է մահացել


Կիրակի արձանագրվել է H1N1 վարակով երկու հիվանդի մահ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը։

Նրա փոխանցմամբ, հիվանդները բժշկական կենտրոն էին ընդունվել հունվարի 9-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում, երկկողմանի թոքաբորբով։ Երկուսին էլ անմիջապես միացվել է արհեստական շնչառության սարք։ Նրանցից մեկն ունեցել է նաև սիրտթոքային ծանր անբավարարություն։

Այսպիսով, խոզի գրիպից մահվան դեպքերի թիվը հասավ 16-ի:

Հայթայանը նշել է, որ վերջին վեց տարում` 2009-2014 թվականներին Հայաստանում յուրաքանչյուր տարի գրանցվել է թոքաբորբով պայմանավորված 450-500 մահվան դեպք, որի զգալի մասը ձմռան ամիսներին` պայմանավորված սեզոնային գրիպի բարձրացման հետ։

«Այս տարի նախարարության բազմաթիվ հորդորների շնորհիվ բարձրացել է մարդկանց զգոնությունը, և հատկապես վերջին օրերին մարդիկ սկսել են բժշկական օգնության դիմել հիվանդության ավելի վաղ շրջանում։ Պայմանավորված այն հանգամանքով, որ գրիպը հակում ունի որպես բարդություն ծանր ընթացքով թոքաբորբ առաջացնելու` առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են գտնվում բոլոր հիվանդները», - գրել է առողջապահության նախարարի խոսնակը։

Անահիտ Հայթայանի փոխանցմամբ, այսօրվա դրությամբ՝ թոքաբորբով ծանր վիճակում գտնվող յոթ հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք, բժիշկները շարունակում են պայքարել նրանց կյանքի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG